Ճարտարապետ Ռոմեո Ջուլհակյան
ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Միջազգային ճարտարապետական ակադեմիայի և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի պրոֆեսոր, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ Ռոմեո Սուրենի Ջուլհակյանը ծնվել է 1937թ. դեկտեմբերի 31-ին՝ Հոկտեմբերյանում: Սկզբնական կրթությունը ստացել է Երևանի Ղ.Աղայանի անվան թիվ 63 միջնակարգ դպրոցում: 1954թ. ավարտելով միջնակարգ դպրոցը, ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետական բաժին: Բուհում ստանալով ճարտարապետի մասնագիտություն, 1963թ. որպես ինժեներ ընդունվել է աշխատանքի հարազատ կրթօջախի գիտահետազոտական բաժնում՝ միաժամանակ ՙճարտարապետական նախագծում՚ առարկան դասավանդելով ճարտարապետության ամբիոնում: Նվիրումը՝ երիտասարդ սերնդին իր գիտելիքները անմնացորդ փոխանցելու գործին չլքեց նրան նաև հետագայում: Նա միշտ կարողացել է ստեղծագործական, վարչական, հասարակական, գիտա-մանկավարժական գործընթացները հմտորեն զուգորդել: Ստեղծագործելու ձգտումը 1963թ. նրան տարավ ՙԵրևաննախագիծ՚ ինստիտուտ, ուր, սկսած 1975թ-ից մինչեւ կյանքի վերջը, ղեկավարեց թիվ 4 ճարտարապետական արվեստանոցը: 1988թ. նրան շնորհվեց Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչում: 1990-91թթ. արդեն լայն ճանաչում ձեռք բերած մասնագետն աշխատեց Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում: Նա մասնակցել է մի շարք միութենական եւ միջազգային մրցույթների (Բելգրադի օպերային թատրոնի (Հարավսլավիա) շենքի, Փարիզի Լա-Վալետ զբոսայգու (Ֆրանսիա), Վանաձորի Լոռվա հրապարակի (1-ին կարգի մրցանակ), Երևանի հուղարկավորությունների տան մրցույթի (1-ին կարգի մրցանակ) և այլն): 1991-1996թթ. աշխատել է որպես Հայաստանի ճարտարապետության եւ շինարարության պետական վարչության պետ, 1996-1997թթ.:
ՀՀ քաղաքաշինության նախարարի առաջին տեղակալ, 1997թ-ից մինչեւ իր ոչ երկար կյանքի ավարտը քաղաքաշինության նախարարի գլխավոր խորհրդատուն էր եւ ՀՀ քաղաքաշինական խորհրդի նախագահը: Ռոմեո Ջուլհակյանը մեծ ավանդ ունի Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր բնույթի շինությունների նախագծման և իրականացման գործում: Նրա նախագծերով են կառուցվել Մայր Աթոռ Սբ.Էջմիածնի գլխավոր դարպասն ու բաց խորանը, մկրտարանը (համահեղինակությամբ Ջ.Թորոսյանի), Երևանի Ս.Սարգիս եկեղեցու զանգակատունը և բազմաթիվ այլ կառույցներ: Ջուլհակյանը լայն հետաքրքրությունների տեր արվեստագետ էր, բարձր վարպետությամբ ձևավորում էր թե հուշամեդալներ և թե գրքեր (ավելի քան 40 հեղինակների գրքեր է ձևավորել և նկարազարդել), դրանցից յուրաքանչյուրում աչքի ընկնելով ինքնատիպ ու հարուստ անհատականությամբ: Նա հեղինակել է բազմաթիվ բնակելի և հասարակական շենքեր Երևանում, որոնցից առավել նշանակալից են կառավարության ընդունելիությունների տունը, մետրոյի ՙԶորավար Անդրանիկ՚, ՙՇենգավիթ՚ կայարանները, Դավիթաշենի կամուրջը, հուշարձաններ՝ նվիրված Երևանի պետական համալսարանի Հայրենական մեծ պատերազմում զոհված ուսանողներին և դասախոսներին, ճարտարապետ Կարո Հալաբյանին, Մարշալ Հովհաննես Բաղրամյանին, Օրբելի եղբայրներին (Մոսկավյում և Ծաղկաձորում): Նա է հեղինակել նաև Մուսալեռան հերոսամարտին նվիրված հուշարձան-համալիրը Լիբանանում, Հակոբ Կոջոյանի, Արա Սարգսյանի, Գուրգգեն Մահարու, Մանուկ Աբեղյանի, Հրաչյա Աճառյանի, Ավետիք Իսահակյանի, Ստեփան Մալխասյանցի հուշաքարերը Երևանում: Նրա ստեղծագործությունները զարդարում են նաև Վանաձորը և Դսեղը, Էջմիածինը, իսկ ճարտարապետական փոքր ձևերը սփռված են ողջ հանրապետությունում: Ցավոք՝ սիրված ճարտարապետը թողեց նաև բազմաթիվ չիրականացված նախագծեր ու մտահղացումներ: Բազմաշնորհ արվեստագետի հարուստ ժառանգությունը կարոտ է համակողմանի հետազոտության և գնահատման: Ռոմեո Ջուլհակյանը հիրավի 20-րդ դարի վերջի և 21րդ դարասկզբի հայ մշակույթի ականավոր ներկայացուցիչներից է: Ճարտարապետ, որի ստեղծագործությունները զարդարում են Հայաստան երկիրը՝ արժանվույնս լրացնելով բազմադարյա հարուստ ժառանգություն ունեցող հայ մշակույթի գանձարանը:
Բոլոր լուսանկարները ՃԱԹԻ-ի պահոցից են
Մեդալի էսքիզ |
Մեդալի էսքիզ |
Սբ.Սարգիս եկեղեցու զանգակատունը |
Սբ.Սարգիս եկեղեցու զանգակատունը |
Դամբարանի նախագիծ Էջմիածնում |
Առանձնատան նախագիծ |
Գրքի նկարազարդում |
Գրքի նկարազարդում |