ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արմեն Զարյանի 100-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդես
Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում սեպտեմբերի 16-ին ժամը 1500-ին կբացվի <<Գծագրեր և նախագծեր>> խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր Արմեն Զարյանի 100-ամյա հոբելյանին: Ցուցահանդեսում ներկայացված կլինեն ճարտարապետի հեղինակած եւ իրականացված ավելի քան 50 աշխատանքներ՝ բնակելի և հասարակական կառույցների նախագծեր, նախագիծ-առաջարկներ և գծագրեր: ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արմեն Զարյանը 1963-1989թթ. աշխատել է <<Երեւաննախագիծ>> ինստիտուտում որպես ճարտարապետ՝ իրականացնելով բազմաթիվ հասարակական, բնակելի շենքերի, ինչպես նաեւ քաղաքաշինական նախագծեր, այդ թվում՝ Մ.Մաշտոցի պողոտայի վրա բնակելի շենք, Թամանյանի փողոցին կից Գրողների միության բնակելի շենքի նախագիծը, Գլխավոր պողոտան, Ալավերդյան փողոցի բարեկարգման նախագիծը, Աբովյան փողոցի բարեկարգման նախագիծը, Հանրապետական մարզադաշտին կից բնակելի թաղամասի նախագիծը, Հռոմի <<Ավտոմոբիլ Կլաբ>> շենքը, <<Սերաֆիկում>> Կաթոլիկ համալսարանի համալիրը Հռոմի ԷՈՒՌ թաղամասում, <<Վիլլա Դ.Կաստելլո>> մենատունը ԷՈՒՌ-ում, և այլ աշխատանքներ: Ճարտարապետ Արմեն Զարյանը հեղինակ է մի շարք գիտական հոդվածների, որոնք տպագրվել են ինչպես Հայաստանի, այնպես էլ մի շարք հեղինակավոր ամսագրերում և թերթերում: Հեղինակ էլ մի շարք մասնագիտական գրքեր՝ <<Իտալական արդի ճարտարապետությունը (1927-1960թթ.) >>, Երեւան, 1972թ. (հայերեն), <<Արեւմտյան Եվրոպայի արդի ճարտարապետությունը>>, 208 էջ, Երեւան, 1979թ. (հայերեն), <<Ակնարկ հին եւ միջնադարյան Հայաստանի քաղաքաշինության պատմության>>, Երեւան, 1986թ. (հայերեն), <<Հայկական ճարտարապետություն տրոհումը եւ Լեոնարդո դա Վինչիի հայկական վարկածը>>, Երեւան, 1994թ. (հայերեն), <<Հայկական ճարտարապետություն. Քննական եւ տեսական հարցեր>>, Երեւան« 1996թ. (հայերեն), <<Արվեստի բառարան>>, Նյու Յորք 1996թ. (անգլերեն) և այլ հրատարակություններ: Մասնակցել է բազմաթիվ գիտաժողովների և գիտահավաքների: Ցուցահանդեսի կազմակերպիչն է Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը: Ցուցահանդեսի հանձնակատար և համադրող՝ Արա Զարյան: Գրաֆիկական ձևավորումը՝ Մարտին Զարյանի: Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ սեպտեմբերի 25-ը:
ՀՀ վաստակավոր Արմեն Զարյանի կենսագրականին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ http://www.archmuseum.am/?p=1194