ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արմեն Զարյանի հետ
Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում սեպտեմբերի 16-ին բացվեց <<Գծագրեր և նախագծեր>> խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր Արմեն Զարյանի 100-ամյա հոբելյանին: Ցուցահանդեսում ներկայացված էին ճարտարապետի հեղինակած եւ իրականացված ավելի քան 50 աշխատանքներ՝ բնակելի և հասարակական կառույցների նախագծեր, նախագիծ-առաջարկներ և գծագրեր: Ցուցահանդեսին բացման խոսքով հանդես եկան՝ ճարտարապետության թանգարանի տնօրեն Աշոտ Գրիգորյանը, Արմեն Զարյանի որդին՝ ճարտարապետ Արա Զարյանը և գրականագետ Յուրի Խաչատրյանը:
ԱՐՄԵՆ ԶԱՐՅԱՆ- ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր, (Կոստանդնուպոլիս, 13.09.1914 – Երեւան, 30.05.1994), (Նշանավոր գրող Կոստան Զարյանի որդին): 1932թ. ավարտել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանը եւ 1934-ին ընդունվել է նույն քաղաքի ճարտարապետական համալսարանը, այնուհետեւ տեղափոխվել է Փարիզի E’cole des Beaux-Arts եւ ավարտել ուսումը Հռոմի ճարտարապետական համալսարանում: Ուսումը շարունակելու նպատակով մեկնում է Վիեննա, որտեղ հաճախում է Kunst Geverbeshuller կենտրոնը, ապա վերադառնալով Իտալիա՝ սկսում է նախագծող-ճարտարապետի գործունեությունը: Մասնագիտական փորձառությունը ստանում է Վիեննայում, որտեղ նախագծում եւ իրականացնում է մի շարք վաճառատների, մասնավոր բնակարանների ներքին հարդարման, կահույքավորման նախագծեր: 1963թ. ընտանյոք հանդերձ Խորհրդային Հայաստան տեղափոխվելուց առաջ, իտալացի ճարտարապետ` Տոմմազո Բրեչչիա Ֆրատադոկկիի հետ միասին ծրագրում եւ այնուհետեւ իրականացնում է հայ ճարտարապետության պարբերական ուսումնասիրության գործը՝ Հռոմի ճարտարապետական համալսարանի եւ Հայաստանի ԳԱԱ Արվեստի ինստիտուտի համագործակցությամբ: Այս համագործակցության շնորհիվ, հնարավոր դարձավ 1966թ. իրականացնել առաջին գիտարշավը դեպի Հայաստան՝ դոկտոր ճարտարապետ Պաոլո Կունեոյի ղեկավարությամբ, որն հետագայում հիմնեց Հռոմի Հայ Ճարտարապետության ուսումնասիրության կենտրոնը: 1963-1989թթ. Արմեն Զարյանը աշխատել է <<Երեւաննախագիծ>> ինստիտուտում, որպես ճարտարապետ եւ իրականացրել բազմաթիվ հասարակական, բնակելի շենքերի, ինչպես նաեւ քաղաքաշինական նախագծեր: 1967թ. Արմեն եւ Հակոբ Մանուկյան եղբայրների ու ճարտարապետ Ադրիանո Ալպագո Նովելլոյի հետ Արմեն Զարյանը մասնակցում է Միլանի հայ մշակույթի ուսումնասիրման ու վավերագրման կենտրոնի հիմնադրմանը, որը հետագայում Միլանի պոլիտեխնիկ ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետի հետ համատեղ ծավալեց հայկական ճարտարապետությանը նվիրված գիտական եւ հրատարկչական լայն գործունեություն: 1964-1969թթ. Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետում դասավանդել է եվրոպական ճարտարապետության պատմություն: 1965-1970թթ. ԳԱԱ Արվեստի ինստիտուտում աշխատել է որպես ավագ գիտաշխատող: Համագործակցելով ՕԷՄՄԵ հրատարակչական հետ (ի սկզբանե՝ ԱՐԵՍ)՝ 1968թ. սկսած հանձն է առնում հայ-իտալական մշակութային կապերը համակարգող ղեկավարի գործը: Ճարտարապետ Արմեն Զարյանը հեղինակ է մի շարք գիտական հոդվածների, որոնք տպագրվել են ինչպես Հայաստանի, այնպես էլ մի շարք հեղինակավոր ամսագրերում և թերթերում: Հեղինակ էլ մի շարք մասնագիտական գրքեր՝ <<Իտալական արդի ճարտարապետությունը (1927-1960թթ.) >>, Երեւան, 1972թ. (հայերեն), <<Արեւմտյան Եվրոպայի արդի ճարտարապետությունը>>, 208 էջ, Երեւան, 1979թ. (հայերեն), <<Ակնարկ հին եւ միջնադարյան Հայաստանի քաղաքաշինության պատմության>>, Երեւան, 1986թ. (հայերեն), <<Հայկական ճարտարապետություն տրոհումը եւ Լեոնարդո դա Վինչիի հայկական վարկածը>>, Երեւան, 1994թ. (հայերեն), <<Հայկական ճարտարապետություն£ Քննական եւ տեսական հարցեր>>, Երեւան« 1996թ. ¥հայերեն¤, <<Արվեստի բառարան>>« Նյու Յորք 1996թ. անգլերեն և այլ հրատարակություններ: Մասնակցել է բազմաթիվ գիտաժողովների և գիտահավաքների: Ժամանակին աշխատել և համագործակցել է այնպիսի ճանաչված ճարտարապետների հետ, ինչպիսիք են՝ Մ.Մեսսինան, Լ.Մայնարդինան, Ջ.Ստերբինիան, Լ.Պասսարելլինան և այլոք: Ճարտարապետ Արմեն Զարյանը հեղինակել է բազմաթիվ հասարակական, բնակելի շենքերի, ինչպես նաեւ քաղաքաշինական նախագծեր, ինչպես օրինակ՝ Հռոմի <<Ավտոմոբիլ Կլաբ>> շենքը, <<Սերաֆիկում>> Կաթոլիկ համալսարանի համալիրը Հռոմի ԷՈՒՌ թաղամասում, <<Վիլլա Դ.Կաստելլո>> մենատունը ԷՈՒՌ-ում, Մ.Մաշտոցի պողոտայի վրա բնակելի շենք, Թամանյանի փողոցին կից Գրողների միության բնակելի շենքի նախագիծը, Գլխավոր պողոտան, Ալավերդյան փողոցի բարեկարգման նախագիծը, Աբովյան փողոցի բարեկարգման նախագիծը, Հանրապետական մարզադաշտին կից բնակելի թաղամասի նախագիծը և այլն: 2009 թվականին ՀՀ վաստակավոր ճարտարապետի 95-ամյակին նվիրված հրատարակվել է <<Արմեն Զարյան. ճարտարապետ, հետազոտող, մտավորական>> գիրքը, ուր ներկայացված է Արմեն Զարյանի կյանքն ու գործունեությունը Իտալիայում և Հայաստանում ապրած տարիներն ընդգրկող ժամանակահատվածում: Ներառված նյութերը պատմում են ճարտարապետ գիտնականի նախագծային, գիտական, մշակութային, ինչպես նաև հայ-իտալական համատեղ ուսումնասիրությունների ասպարեզում կատարած աշխատանքների մասին:
Ցուցահանդեսի կազմակերպիչն էր Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը: Ցուցահանդեսի հանձնակատար և համադրող՝ Արա Զարյան: Գրաֆիկական ձևավորումը՝ Մարտին Զարյանի:
Շողակաթ հեռուստաընկերության արձագանքը ցուցահանդեսի մասին՝ https://www.youtube.com/watch?v=2-HzMZZFziA&feature=youtu.be
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |