Թանգարան-ինստիտուտների և համալսարանակ թանգարանների PR ոլորտի մասնագետների վերապատրաստում
Սույն թվականի հոկտեմբերի 28-ից -30-ը <<Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) Հայաստանի ազգային կոմիտեն>> և Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիան կազմակերպեցին «Հանրահռչակումը բուհական և ակադեմիական թանգարաններում» խորագրով եռօրյա դասընթաց՝ համալսարանական, ակադեմիական և թանգարան-ինստիտուտների աշխատակիցների համար: Դասընթացի նպատակն էր տեղի մասնագետներին ծանոթացնել համալսարանական թանգարանների միջազգային փորձին, զարգացնել նրանց մասնագիտական հմտությունները՝ համալսարանական և ակադեմիական թանգարանները այլընտրանքային կրթության տարածքներ դարձնելու համար:
Դասընթացը վարելու համար հրավիրվել էին միջազգային կարգի փորձագետներ՝ Ստրասբուրգի համալսարանի փոխնախագահ, ԻԿՕՄ-ի Բուհական թանգարաների և հավաքածուների միջազգային կոմիտեի /ՅՈՒՄԱԿ/ նախագահ՝ Հյուգ ԴՐԵՍՍԵՆ և Ֆինլանդիայի Տամպեր քաղաքի թանգարանների տնօրեն, ԻԿՕՄ-ի Մարքեթինգի և հանրահռչակման միջազգային կոմիտեի /ՄՓՌ/ նախագահ՝ Մարյո Ռիտա ՍԱԼՈՆԻԵՄԻՆ: Դասընթացը տեղի ունեցավ Երևանի Վ.Բրյուսովի անվ. պետական լեզվահասարակագիտական համալսարանի Վ.Բրյուսովի թանգարանում: Դասընթացի նախաձեռնողն ու կոորդինատորն էր ԻԿՕՄ Հայաստանի քարտուղար, Մարինե Մկրտչյանը:
Կազմակերպչական աշխատանքներին աջակցել էին ՀՀ Կրթության և Գիտության նախարարությունը և Երևանի Վ.Բրյուսովի անվ. պետական լեզվահասարակագիտական համալսարանի Վ.Բրյուսովի թանգարանը: Եռօրյա դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներին տրվել են վկայագրեր: Այս եռօրյա դասընթացներին՝ ակադեմիական և թանգարան-ինստիտուտների 13 այլ մասնագետների հետ իր մասնակցությամբ հանդես է եկել նաև մեր թանգարանի աշխատակցուհի՝ թանգարանի գիտական քարտուղար Անի Գրիգորյանը: