ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ԳԱԲՐԻԵԼ ԳԵՎՐԵԿՅԱՆ
Ծագումով իրանահայ Սիմոն և Մարիամ Գևրեկյանների ընտանիքում 1894թ. Թուրքիայում տեղի ունեցած ջարդերից ու հալածանքներից փրկվելու ճանապարհին, երբ հանգրվանել էին Պոլսում, 1900թ. նոյեմբերի 21-ին ծնվում է առաջնեկը` Գաբրիելը: Գևրեկյանների ընտանիքը վերջնականապես վերահաստատվում է Թեհրանում, ուր ընտանիքի հայրն աշխատանքի է անցնում Իրանի արքունիքում որպես Մոզաֆար Ալդին Շահ թագավորի գոհարեղենի փորձագետ: Գաբրիելը տարրական կրթությունը ստանում է Թեհրանի հայկական քոլեջում, ապա 1910թ. ուսումը շարունակելու նպատակով մեկնում Վիեննա իր մորեղբոր` ճարտարապետ Ալեքս Գալուստյանի մոտ: 1910-1915թթ. միջնակարգ կրթությունը ստանում է Վիեննայում` մասնավոր քոլեջում: Բարձրագույն ուսումը (1915-ից մինչև 1921-ի փետրվարի 15-ը) ստանում է Վիեննայի Կիրառական Արվեստների Ակադեմիայի ճարտարապետական դպրոցում (L'Acadռmie des Arts Appliquռs de Vienne): Ուսումնառության ընթացքում աշակերտելով համաշխարհային հռչակ վայելող ճարտարապետներ պրոֆ. Օսկար Ստրնադին (Prof. Oskar Strnad) և պրոֆ. Ժոզեֆ Հոֆմանին (Prof. Josef Hoffman)`միաժամանակ աշխատանքի է անցնում նրանց գրասենյակներում (նախագծելովառանձնատներ, ներքին հարդարումներ, դեկորասիոններ) ուր շարունակում է աշխատել մինչև ուսման ավարտը: Գևրեկյանը 1921թ. փետրվարի 15-ին ավարտում է բարձրագույն ուսումը և նույն տարում հաստատվում Փարիզում: Այնտեղ նա համագործակցել է առաջատար ճարտարապետներ Հենրի Սուաժի (Henry Sauvage) և 1922-1926թթ. Ռոբեր Մալե Սթիվենսի (Robert Mallet-Stevense) հետ:
Սույն ժամանակահատվածում նրա հեղինակած գործերից հիշարժան են հինգ մենատները Մալե Սթիվենս պողոտայում, Ժակ Դոսեի մենատունը Մարլիս-Սեյնում, հանրահայտ հագուստի մոդելավորող Պոլ Պուառեի առանձնատունը Մելուն-Սեյնում: Փարիզում կայացած Դեկորատիվ Արվեստի Միջազգային ցուցահանդեսինե (Exposition Internationale des Art Decoratifs) նշանակվում է ճարտարապետական բաժնի ժյուրիի անդամ (նախագծել է ցուցահանդեսի այգին) և երաժշտական գործիքային բաժնի ժյուրիի փոխնախագահ (Գևրեկյանը եղել է նաև հմուտ ջութակահար): Ի դեպ, մեծ հռչակ են վայելում Գևրեկյանի այգիներն ու լանդշաֆտային ճարտարապետության նմուշները, որոնք որպես գլուխգործոցներ տեղ են գտել ամենահեղինակավոր պարբերականներում և տպագրված ցուցանմուշներում: 1926թ. Գևրեկյանը` որպես արտոնյալ ճարտարապետ, Փարիզում հիմնում է իր արվեստանոցը և նախագծում բազմաթիվ բնակելի տներ, խանութներ, անձնական այգիներ, մենատներ, ներքին հարդարումներ, ցուցահանդեսի տաղավարներ և կահույքի ձևավորումներ: 1928թ. Լե Կորբյուզեի (Le Corbusier) և Զիգֆրիդ Գիդեոնի (Siegfried Gideon) հետ համատեղ հիմնում է <<Մոդեռն ճարտարապետության միջազգային համագումարը>> ` CIAM-ը (CongrՌs International d'Architecture Moderne): Առաջին համագումարը կայանում է նույն թվականին Շվեյցարիայի Լա Սարա քաղաքում, որտեղ Գևրեկյանը զբաղեցնում է համագումարի գլխավոր քարտուղարի պաշտոնը (սույն համագումարին մասնակցել է ևս մեկ իրանահայ ճարտարապետ` Քրիստափոր Թադեոսյանը): 1929թ. Գևրեկյանն անդամակցեց Մոդեռն ճարտարապետների միությանը Փարիզում (U.A.M. Union des Architects Modernes) 1932թ. Գերմանիայի Վերքկբաունդի (Deutsche Werkbund) հետ մրցակցության նպատակով Ավստրիան նախաձեռնում է նմանատիպ բնակելի համալիրի ցուցահանդես Վիեննայում, ուր հրավիրվում են աշխարհահռչակ 30 մոդեռն ճարտարապետներ` Լյուդվիկ Միս Վան դե Ռո (Ludvig Mies Van de Rohe), Լե Կորբյուզե (Le Corbusier), Ադոլֆ Լուզ (Adolf Loos), Ժոզեֆ Հոֆման (Josef Hoffman), Հենրի Վանդե Վելդե ( Hanry Van de Velde), Ռիչարդ Նուտրա (Richard Neutra), Օսկար Ստրնադ (Oskar Strnad), Անդրե Լորքաթ (Andre Lurcat) և Գաբրիել Գևրեկյան: Գևրեկյանի կառուցած երկուշենքերը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում վնասվեցին, բայց իրենց բարձր մշակութային արժեքի շնորհիվ վերանորոգվեցին և ընդգրկվեցին Ավստրիայի մշակութային արժեքների ցուցակում (14): 1933թ. Գևրեկյանը Փարիզում ամուսնանում է Հանրիետ-Ամմե Քրեեդի (Hanriette-Aime’e Creed) հետ և Իրանի պետության հրավերով վերադառնալով Թեհրան` անմիջապես նշանակվում է Թեհրանի քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետ:
Թեհրանում ապրած չորս տարիների ընթացքում Գևրեկյանը ծավալում է բուռն գործունեություն` ժառանգություն թողնելով ավելի քան 20 իրականացված նախագծեր: Նա միաժամանակ Իրանի գանձապետական նախարարության առաջարկով նշանակվում է <<Իրանի շինարարական ընկերության>> գլխավոր ճարտարապետ, որտեղ իրականացնում է մի շարք մեծամասշտաբ ծրագրեր` Արդարադատության պալատի, Արտաքին գործերի նախարարության, Արդյունաբերության նախարարության, Զինվորական դպրոցի ամֆիթատրոնի, Սպայական ակումբի շենքերը: Գևրեկյանն այս ժամանակահատվածում Թեհրանում նախագծել և իրականացրել է պարոնայք Փանահի, Սիասի, Խոսրավանի, Մալեք Ասլանի, Ֆիրուզ և Նեզամ Մաֆիի մենատները: Գևրեկյանը կնոջ վատառողջ լինելու պատճառով ստիպված 1937թ.լքում է Թեհրանը և մեկնում Լոնդոն: Այնտեղ համագործակցելով Կոնելի (Connell), Վարդի (Ward) և Լուկասի (Lucas) հետ` մասնակցում է մի շարք ճարտարապետական մրցույթների: Բուռն գործունեության համար Անգլիայում նրան շնորհվում է Բրիտանիայի ճարտարապետների արքայական ինստիտուտի (RIBA) պատվո անդամի կոչում: Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով պարտավորված փակում է Լոնդոնի իր գրասենյակը և 1940թ.վերադառնում Փարիզ: Քանի որ Գևրեկյանը տիրապետում էր նաև Գերմաներենի, 1946թ. Ֆրանսիայի պետության կողմից որպես պրոֆեսոր գործուղվում է Գերմանիա` Սարբրուկ (Sarrebruck) քաղաքի Ֆրանսիական Ակադեմիայում դասավանդելու, նշանակվում է ճարտարապետության ֆակուլտետի ղեկավար, միևնույն ժամանակ Սարբրուկ քաղաքի գլխավոր ճարտարապետ: 1948թ. Ալաբամայի պոլիտեխնիկական ինստիտուտից (Alabama Polytechnic Institute) ստանում է համագործակցության հրավեր և մեկնում Աբըրն (Auburn), ԱՄՆ…
Գևրեկյանը 1955թ. ընդունում է ԱՄՆ-ի հպատակություն: Նա 1957թ.-ի փետրվարին, Հարավսլավիայի Դուբրովնիկ (Dubrovnik) քաղաքում մասնակցում է CIAM-ի տասներորդ համագումարին, որը, ի դեպ, շատ կարևոր տեղ է զբաղեցնում արևմուտքի ճարտարապետության պատմության մեջ: 1969թ.-ին Իլինոյսի համալսարանում անցնում է թոշակի և վերադառնում Ֆրանսիա: 1970թ. Փարիզում նա կորցնում է կնոջը և նույն տարվա հոկտեմբերի 29/31-ին իր մահկանացուն կնքում Ֆրանսիայի հարավում գտնվող Անտիբ (Antibes) քաղաքում: Աշխարհահռչակ ճարտարապետ, Բաուհաուս (Bauhaus) շարժման հիմնադիր Ուալթր Գրոպյուսի (Walter Gropius)` Իլինոյսի համալսարանի ճարտարապետության դեպարտամենտի ղեկավար, պրոֆ. Տուրպին Սի. Բենիսթերին (University of Illinois, Urbana, Professor Turpin C. Bannister) ուղղված նամակի հայերեն թարգմանությունն ամբողջությամբ:
Հոդվածը և լուսանկարները՝ ճարտարապետ Արմեն Մինասյանի
Իլինոյսի համալսարանի
Կերպարվեստի և կիրառական արվեստի քոլեջի
Ճարտարապետության ամբիոնի վարիչ,
Պրոֆեսոր Թըրփին Սի. Բենիսթերին
Ուրբանա, Իլինոյս 21 հուլիսի, 1949թ.
Իմ սիրելի պրոֆեսոր Բենիսթեր,
Շնորհակալ եմ Ձեր ամբիոնում ճարտարապետական դիզայնի դասախոսի թափուր աշխատատեղի համար դիմած Գաբրիել Գևրեկյանի մասին հարցման վերաբերյալ Ձերհուլիսի 19-ի նամակի համար: Ես պրոֆեսոր Գևրեկյանին ճանաչում եմ երկար տարիներ և բավականին տեղեկացված եմ նրա ուսումնական պլանի և աշխատանքի մասին: Նա իր դիպլոմը ստացել է Վիեննայում և այնտեղ աշխատել է հանրահայտ ճարտարապետներ պրոֆեսորներ Ստրնադի և Ժոզեֆ Հոֆմանի հետ: Այնուհետև նա բնակություն է հաստատել Փարիզում և այնտեղ աշխատել է հանրահայտ ճարտարապետ ՌոբերտՄոլե-Ստիվենսիհետ: Փարիզում նա դարձել է արտոնավորված ճարտարապետ և 1928թ.-ին հանդիսացել Ժամանակակից ճարտարապետության միջազգային կոնգրեսի հիմնադիրներից մեկը: 1930-ական թվականներին նա մեկնել է Պարսկաստան և նշանակվել Թեհրանի քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետ: Այնուհետև նա բնակություն է հաստատել Լոնդոնում, որտեղ ես նրան կրկին հաճախ էի հանդիպում, և որտեղ նա համագործակցում էր Կոնելի, Ուարդի և Լուկասի հետ: Պատերազմից հետո նա նշանակվել է Սաարբրուքենի Ֆրանսիական ակադեմիայի Ճարտարապետության ամբիոնի վարիչ և պրոֆեսոր, իսկ Ֆրանսիական ռազմական կառավարության կողմից նշանակվել է Սաարբրուքեն քաղաքի գլխավոր ճարտարապետ: Ես պրոֆեսոր Գևրեկյանին համարում եմ շատ ունակ և կոմպետենտ ճարտարապետ, որը մեծ փորձառություն ունի թե՛ գործնական, թե՛ տեսական բնագավառներում: Քանի որ նա տիրապետում է բավականին պարզ խոսակցական ձիրքի, ես կարծում եմ, որ նա գերազանց դասախոս կլինի և Ձեր ամբիոնի ուսանողների վրա խրախուսական ազդեցություն կունենա: Ես ի սրտե երաշխավորում եմ նրան:
Խորին հարգանքով`
Ուալթր Գրոպյուսի