Վենետիկի 56-րդ բիենալեում Հայաստանի տաղավարն արժանացավ «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի
Հարգելի ընթերցողներ մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ երեկ՝ 09.05.2015թ., Վենետիկի 56-րդ բիենալեում, որին մասնակցում է 53 երկիր, Հայաստանի տաղավարն արժանացել է «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի։ Հայաստանը հեղինակավոր այս միջոցառմանը ներկայացել է «Հայություն» խորագրով ցուցադրությամբ: Տաղավարը տեղակայված է Սուրբ Ղազար կղզում` Մխիթարյան միաբանության տարածքում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայկական տաղավարի ցուցադրությանը մասնակցում են սփյուռքահայ 18 արվեստագետներ:
Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի մեծ ու փոքր քաղաքներում ստեղծագործող այս արվեստագետներին միավորում է իրենց ազգությունը: Նրանք Հայոց ցեղասպանության վերապրածների սերունդներն են, ովքեր դաժան ճակատագրի բերումով հայտնվել են հայրենիքից դուրս, սակայն իրենց մեջ կրում են ազգային ինքնությունն ու հիշողությունը: Բիենալեի հայկական տաղավարի համադրողն է Ադելինա Կյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգը: «Ցուցահանդեսը «Հայություն» անվանելու համար ինձ ներշնչել է ֆրանսերեն Armenite բառը: Այն ինձ թվաց նոր ու հարմար բառ, որպեսզի նկարագրեմ հայ արվեստագետների ու մտավորականների` անընդհատ հոսքի մեջ գտնվող մի սերունդ` ինքնասահմանման իր բազմազանությամբ, որը սակայն պահպանել է աշխարհում լինելու սուբյեկտիվ զգացողությունը»,- այսպես է բնորոշել իր մտահղացումը հայկական տաղավարի համադրողը:
Մայիսի 6-ին տեղի ունեցած Հայկական տաղավարի բացմանը ներկա են գտնվել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանը, Մխիթարյան միաբանության ընդհանրական աբբահայր Եղիա Քիլաղբյանը, իտալացի հայտնի արվեստագետներ ու արվեստասերներ, ինչպես նաև մի շարք հյուրեր Երևանից:
Տեղեկացնենք նաև , որ տպագրվել է հայկական տաղավարում ներկայացված արվեստագետների աշխատանքների կատալոգը, որի հրատարակությունը իրականացրել է հանրահայտ իտալական «Սկիրա» («SKIRA») հրատարակչությունը:
Հայկական տաղավարի բացման արարողությանը նախորդել է մամուլի ասուլիս՝ տաղավարը ներկայացնող բոլոր արվեստագետների մասնակցությամբ. Նինա Խաչատուրյան (ԱՄՆ, Ֆինլանդիա), Սիլվինա Տեր-Մկրտիչյան (Արգենտինա, Գերմանիա), Հայկ Այվազյան (Լիբանան), Մելիք Օհանյան (Ֆրանսիա), Մխիթար Կարապետյան (Բելգիա), Նիկոլ Բեզջյան (ԱՄՆ, Սիրիա), Աննա Բողիգյան (Եգիպտոս, Կանադա), Ռոսանա Պալազյան (Բրազիլիա), Երվանդ Ջանիկյան և Անջելա Ռիկի Լուչի (Իտալիա), Արամ Ջիբիլյան (ԱՄՆ), Սարգիս (Թուրքիա, Ֆրանսիա), Հրայր Սարկիսյան (Սիրիա, Մեծ Բրիտանիա), Այկատերինի Ջեգիսյան (Հունաստան), Հերա Բույուկթաշջիյան (Թուրքիա), Ռենե Գաբրի և Այրին Անաստաս (Իրան, Պաղեստին, ԱՄՆ): Հայաստանը բիենալեում ներկայացնում է Միքայել Օհանջանյանը:
Հայաստանի տաղավարի ստեղծումն ու հաղթանակը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, ՀՀ մշակույթի նախարարության, Իտալիայում ՀՀ դեսպանության, համակարգողների, հայ արվեստագետների ու բարերարների միասնական, հետևողական ու նվիրված աշխատանքի արդյունքն է:
Վենետիկի բիենալեն կգործի մինչև ս. թ. նոյեմբերի 22-ը:
Տեղեկատվության աղբյուրներն են՝ http://www.labiennale.org/en/art/news/09-05.html
http://mincult.am/home-1-2450-page-0.html#!prettyPhoto