<<Վերապրածները ...>> խորագրով ցուցահանդես Վենետիկի Մուրադ Ռաֆաելյան վարժարանում
Այսօր՝ մայիսի 10-ին, Վենետիկի Մուրադ Ռաֆաելյան վարժարանի ցուցասրահում տեղի կունենա <<Վերապրածները…>> խորագրով ցուցահանդեսի հանդիսավոր բացումը և կգործի մեկ ամիս:
Ցուցահանդեսը, որ վերանգրված է <<Վերապրածները…>> նվիրված է Հայոց Մեծ Եղեռնը վերապրած հայ ճարտարապետների գործունեությանը: Ցուցահանդեսում ներկայացված են Եղեռնը վերապրած 30 ճարտարապետների գործունեությունը լուսաբանող գծագրեր, լուսանկարներ, քարտեզներ, գրավոր նյութեր: Ցուցահանդեսում ներկայացված ճարտարապետները Աբդուլ Համիդ II-ի և 1915-1922 թվականների Եղեռնից հետո վերապրածներն են, ինչպես նաև ողջ մնացածների սերունդների ներկայացուցիչներ: Եղեռնապուրծ հայ ճարտարապետները վերաբնակվել են Իտալիայում, Ֆրանսիայում, Կանադայում, Պարսկաստանում, Հայաստանում, որոշ մասը շարունակում են ապրել Թուրքիայում: Ցուցադրանքում տեղ գտած հեղինակները մի չնչին մասն են Եղեռնը վերապրած հայ ճարտարապետների, որոնք իրականում ավելի քան 5000-անոց բանակ են ներակայացնում այսօր աշխարհում: Սակայն ներկայացված 30 ճարտարապետների ստեղծագործությունների դիտարկումը վառ ապացույցն է Հայոց Մեծ Եղեռնը վերապրած հայ ճարտարապետների և նրանց սրունդների հսկայական մշակութային ժառանգության, որը իր ուրույն տեղն ունի ինչպես համաշխարհային, այնպես էլ հայ մշակույթում: Ցուցահանդեսը կազմակերպված է ՀՀ Քաղաքաշինության նախարարության ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի կողմից և մասն է կազմում Հայոց Ցեղասպանության 100 ամյա տարելիցին նվիրված <<Հայկական պատմամշակութային ժառանգության պահպանում և վերականգանում>> խորագրով միջազգային գիտաժողովի, որը կազմակերպել են Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը, Սուրբ Ղազարի Մխիթարայան Միաբանությունը, Երևանի ճարտարապետության և շինարարաության ազգային համալսարանը: Ցուցահանդեսի ավարտից հետո ողջ ցուցադրանյութը, որպես նվիրատվություն կհանձնվի Սուրբ Ղազար կղզու Մխիթարայան միաբանությանը: Ցուցահանդեսի հանձնակատարն է ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գրիգորյանը: Ցուցադրանքում տեղ գտած նյութերը վերցված են ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի արխիվից: