Ֆրանսիացի նկարիչ Ժակ Սերժեֆֆ
Ժակ Սերժեֆֆը ռուսական արմատներով Ֆրանսիացի գեղանկարիչ է: Ծնվել է 1930թ. Կալվադոս դեպարտամենտում: Ուսանել է Փարիզի գեղարվեստի դպրոցի մասնաճյուղը՝ Բուրժ քաղաքի Արվեստի ազգային դպրոցում: 1955-1957թթ. աշխատել է Ռոդենի և Բուրդելի աշակերտ՝ ֆրանսիացի նկարիչ Անրի Շառլիեի հետ: Այդ տարիների հայտնի գործերից են Ֆրանսիայի տարբեր եկեղեցիներում տեղադրված Քրիստոսի և 12 առաքյալների քանդակները: Նա հեղինակ է շուրջ հարյուր քանդակների և կտավների:
Նրա ստեղծագործությունները ցուցադրված են թանգարաններում և մասնավոր հավաքածուներում, քանդակները զարդարում են ֆրանսիական դղյակները, ցուցադրվում են տարբեր երկրների թանգարաններում և պատկերասրահներում՝ միշտ գրավելով արվեստի գիտակների ուշադրությունը: Ինքնատիպ է ոչ միայն Սերժեֆֆ արվեստագետի ստեղծագործական ուղին, այլև աշխատանքների իմաստն ու ոճը բնորոշող անհատականությունը: Նկարիչը երեք անգամ այցելել է Հայաստան: Վերադառնալով Ֆրանսիա, նա հայկական կոթողների նկատմամբ ունեցած իր հիացմունքն արտահայտել է Զվարթնոցի, Նորավանքի, Տաթևի վանքերին, խաչքարներին նվիրված կտավների միջոցով: Նա բազմիցս եղել է նաև իր հոր հայրենիք՝ Ռուսաստանում: Ոգեշնչված Ռուսաստանի անծայրածիր տարածքների գեղեցկությամբ, ձնածածկ տներով և ուղղափառ եկեղեցիների գմբեթներով՝ նա վրձնել է նաև «ռուսական» կտավներ: Ֆրանսիացի նկարիչ Ժակ Սերժեֆֆի ցուցահանդեսի բացումը տեղի կունենա Հունիսի 1-ին, ժամը 18.00-ին, ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում և կգործի մինչև հուլիսի 1-ը, մուտքն ազատ է: