Մասունքներ… ծանոթ և անծանոթ Պալյանները

New PictureՀՀ քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը ս/թ հոկտեմբերի 5-ին ժամը 16.00-ին հրավիրում է Ձեզ մասնակցելու Պալյան ճարտարապետական գերդաստանի <<Մասունքներ … ծանոթ և անծանոթ Պալյաններ>> խորագրով ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ցուցահանդեսում ներկայացված են լինելու Պալյան ճարտարապետական գերդաստանի մինչ օրս անհայտ անտիպ նյութեր՝ տարաբնույթ կառույցների նախագծեր, կահույքի, ջահերի, մոմակլաների, ժամացույցների, հայելիների, ինտերյեր-էքստերյերին բնորոշ այլ հարդարանքի նախագծերն ու էսքիզները: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 5-ը, մուտքն ազատ է:

Կից ներկայացնում ենք  Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանի խոսքը ցուցահանդեսի բացմանը ընդառաջ՝ 

Հայ ճարտարվեստի բազում կոթողներ, ինչպես հայ ժողովուրդը, սփռված են աշխարհով մեկ: Դրանց իմացությունը, ուսումնասիրումն ու  համամարդկային մշակութային ժառանգության մեջ դրանց դերի ու նշանակության արժևորումը, յուրանքաչյուրիս պարտքն է: Պարտքի ու պատասխանատվության այս հրամայականն է եղել թերևս այն հենքը, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը ձեռնամուխ է եղել հավաքելու, ուսումնասիրելու և պահպանելու արտերկրի հայ ճարտարապետների ստեղծագործական ժառանգության մասունքները: Այսպիսի անգնահատելի մասունքներից են նաև վերջերս Հայաստան տեղափոխված  հռչակավոր Պալյան ճարտարապետական գերդաստանի ժառանգության մեծարժեք պատառիկները, որոնք մեծահոժար պատրաստակամությամբ Հայաստանի ճարատարապետության ազգային թանգարան-ինստիտուտին հանձնեց Կուրեղյան ընտանիքը, ինչի համար հայտնում եմ թանգարանի խորին շնորհակալությունը: <<Մասունքներ… ծանոթ և անծանոթ Պալյանները>> խորագրով այս ցուցահանդեսը, որ բացվում է Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի հիմնադրման 25 ամյակի նշման օրերին և նվիրվում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին, մեկ անգամ ևս մեզ հուշում է այն հսկայածավալ մշակութային շերտի կարևորության մասին, որ կոչվում է ճարտարապետություն: Ասպարեզ, որ դարեր շարունակ միայն հպարտության զգացում է տվել հայ ժողովրդին՝ ցույց տալով այն պարզ իրողությունը, որ հայ ճարտարավեստը մասը կազմելով հայ և համամարդկային մշակութային ժառանգության, միշտ եղել է ինքնատիպ, պահպանել իրեն հատուկ ոճն ու դիմագիծը:

narek sargsyan1 copyNew Picture1 copy

 

 

 

 

 

 

 

 

 

<<Մասունքներ… ծանոթ և անծանոթ Պալյանները>> խորագրով ցուցահանդեսում ներկայացված են Պալյան գերդաստանի ճարտարապետական ժառանգության այն մասունքները, որոնք ՀՀ քաղաքաշինության նախարարության և անձամբ նախարար Նարեկ Սարգսյանի ամիսներ շարունակ հետևողական աշխատանքի շնորհիվ գտնվեցին և Հայաստան տեղափոխվեցին: Պալյան ճարտարապետական գերդաստանի անգնահատելի մասունքները ՀՀ քաղաքաշինության նախարարությունը ի պահ է տվել ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտին: Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը իր խորին երախտագիտությունն է հայտնում ՀՀ քաղաքաշինության նախարարությանը և նախարար Նարեկ Սարգսյանին այս թանկարժեք նվիրատվության պահպանությունը թանգարանին վստահելու համար: