Աշխարհահռչակ հայ ճարտարապետ Միշել Մոսեսյանի գրասենյակը շահել է Մեքքայի Մուսուլմանական թանգարանի ստեղծման մրցույթը
Ֆրանսահայ աշխարհահռչակ ճարտարապետ, Բրիտանական ճարտարապետական թագավորական ինստիտուտի անդամ, մեր հայրենակից Միշել Մոսեսյանի ղեկավարած ճարտարապետական ընկերությունը շահել է Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաքում մահմեդական կրոնի գլխավոր թանգարանի ձևավորման համաշխարհային մրցույթը: Այդ մասին տեղեկանում ենք Միշել Մոսեսյանի գրասենյակից: Հայ ճարտարապետին առնչվող այս հանգամանքին այսօր մանրամասնորեն անդրադարձել են նաև արաբական ու բրիտանական կայքերը՝ գրելով, որ Լոնդոնում բնակվող հայ ճարտարապետի գլխավորած Mossessian Architecture ընկերությունը դառնալու է «Հավատի թանգարանի» գլխավոր ճարտարապետության հեղինակը:
Թանգարանի կառուցմանը սպասում է ողջ մահմեդական աշխարհը: Այն կառուցվելու է մահմեդական աշխարհի սրբավայր Մեքքայից 7 կմ հեռավորության վրա և խորհրդանշելու է մահմեդականության ծնունդը՝ մինչև մեր օրերը: Թանգարանը տարածվելու է 5600 կմ-ի վրա, ունենալու է գերժամանակակից լուծումներ, ինչպես՝ վիրտուալ մզկիթ, աուդիո-վիդեո սրահներ, եռաչափ ցուցադրություն, այգիներ՝ տանիքի վրա, որոնցից մեկն էլ լինելու է «Բերկրության» այգին: Հատկանշական է, որ թանգարանի գլխավոր շենքի քարերը բերվելու են աշխարհի բոլոր մահմեդական երկրներից, իսկ ոլորաձև աստիճանների վրա հերթաբար գրված են լինելու մահմեդական Աստծո բոլոր 99 անունները: Միշել Մոսեսյանի գրասենյակը մահմեդական կրոնի և մշակույթի թանգարանը նախագծել է ժամանակակից ճարտարապետության նույն շնչով, որով նախագծված են Mossessian Architecture-ի՝ աշխարհում հայտնի բազմաթիվ կառույցները:
Հայ ճարտարապետի գլխավորած ընկերությունը Բրյուսելում ՆԱՏՕ-ի նոր մասնաշենքի և հարող տարածքի, Դոհայի հին քաղաքի կենտրոնի տարածքի վերանորոգման նախագծերի, Մեծ Բրիտանիայում, արաբական երկրներում բազմաթիվ կառուցների հեղինակ է: Միշել Մոսեսյանը դասավանդել է Հարվարդի, Իլինոյսի, Չիկագոյի ու Փենսիլվանիայի համալսարաններում, նա ճարտարապետության դոկտոր է:
Միշել Մոսեսյանի՝ Mossessian Architecture ընկերության կայքէջը՝ http://www.mossessian.com/
Նյութի աղբյուրը՝ http://www.arevelk.am/am/content/8/695/