Նոր Ջուղայի պատմական թեմաներով դասախոսություն-գիտաժողով
ՀՀ քաղաքաշինության նախարարության նախաձեռնությամբ Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում Փետրվարի 29-ին տեղի ունեցավ Նոր Ջուղա խորագիրը կրող գիտաժողովը, որի շրջանակներում ընթերցվեցին թեմատիկ զեկույցներ՝ Հայկական եկեղեցիները, Տեղանունները Նոր Ջուղայի տապանագրերում, Խոջայական ապարանքների գեղարվեստական հարդարանքները և Պատմական տները թեմաներով:
Իր տեսակի մեջ աննախադեպ գիտաժողովը վարում էին ՀՀ քաղաքաշինության նախարարի միջազգային կապերի գծով խորհրդական, ճարտարապետ Արմեն Մինասյանը և ճարտարապետ Մարկո Բրամբիլան (ԱՄՆ): Թեմատիկ դասախոսություններով ըստ վերը նշված թեմաների՝ համապատասխանաբար հանդես եկան՝ հետազոտող Շահեն Հովսեփյանը, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, փորձագետ Ավո Հովհաննիսյանը և Իրանի Սպահան քաղաքում՝ Նոր Ջուղայի և հարակից շրջաններում հայկական վտանգված հուշարձանների հետազոտող Ահմադ Մոնթազերը (Ahmad Montazer) (ԻԻՀ):
Բացելով գիտաժողովը, Արմեն Մինասյանը տեղեկացրեց, որ Նոր Ջուղան Իրանի սրտում հայերի ավելի քան 400-ամյա ներկայությունը փաստող պատմական հայաբնակ թաղամաս է Իրանի պատմամշակութային և համաշխարհային արժեք վայելող Սպահան քաղաքում, իր յուրօրինակ միջավայրով ու արժեքներով: Շահեն Հովսեփյանը, ներկայացնելով Նոր Ջուղայում կառուցված եկեղեցիները, նշեց, որ Իրանի տարածքում հաշվառված շուրջ 600 եկեղեցիներից 480-ը հայկական են՝ տարածված Իրանի տարբեր շրջաններում: Հայկական եկեղեցիների մի մասը լքված և կիսավեր վիճակում են, իսկ կանգուն եկեղեցիներից մոտ 80-ը՝ դեռևս բանուկ են:
Շ. Հովսեփյանն անդրադարձել է Իրանի տարածքում գտնվող հայկական եկեղեցիների առանձնահատկություններին: Հուշարձանագետ Սամվել Կարապետյանն իր զեկույցում ներկայացրեց Նոր Ջուղայի գերեզմանական հուշարձաններում հանդիպող տեղանունները նշելով, որ տապանագրերում հադիպող տեղանուններն հիմնականում մատնանշել են հանգուցյալի ծննդավայրը, երբեմն նաև՝ ծավալած գործունեությունը: Ըստ Կարապետյանի կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Նոր Ջուղան միջգաղթավայրային կյանքում ներկայացել է որպես առաջնային և կարևորագույն հանգրվան: Նրա խոսքերով` Նոր Ջուղայի հասարակական գերեզմանատանը 2009-2011 թվականներին 17-18-րդ դարերով թվագրվող 12 հազարից ավելի տապանաքարեր են ուսումնասիրել և լուսանկարել: Իրանի Իսլամական Հանրապետության Սպահանի համալսարանի արվեստի ֆակուլտետի պրոֆեսոր, հետազոտող Ահմադ Մոնթազերը, ով հայտնի է Իրանի Սպահան քաղաքի Նոր Ջուղա հայկական թաղամասում և հարակից շրջաններում հայկական հուշարձանների հետազոտման և պահպանման գործում մեծ ավանդով, իր թեմատիկ զեկույցում նշեց, որ Նոր Ջուղայի տարածքում այսօր 70 հին հայկական տուն է պահպանվել, որոնց թիվը 1985 թվականին կատարված ուսումնասիրությունների ընթացքում Ջուղայում եղել են 300-ը:
ԱՄՆ-ում բնակվող ճարտարապետ Մարկո Բրամբիլան նշեց, որ Նոր Ջուղայի հայկական տների պահպանումն ու ուսումնասիրությունը շատ կարևոր է, քանի որ դրանք հնարավորություն են ընձեռնում հասկանալ, թե հայերն ինչ կարևոր դերակատարում են ունեցել Իրանի կյանքում. Իրանի արխիվներում այսօր դեռ պահպանվում են Նոր Ջուղայի տների հատակագծերն ու լուսանկարները, դրանք անհրաժեշտ է հավաքել և ուսումնասիրել, քանի դեռ իսպառ չեն վերացել: Այս գործը հնարավոր է իրականացնել հայ-իրանական համապատասխան ինստիտուտների համագործակցության շրջանակում: Ի դեպ թեմատիկ գիտաժողովի ավարտին Ահմադ Մոնթազերը պարգևատրվել է ՀՀ քաղաքաշինության նախարարի շնորհակալագրով՝ Իրանի Սպահան քաղաքում` Նոր Ջուղա հայկական թաղամասում և հարակից շրջաններում հայկական հուշարձանների հետազոտման և պահպանման գործում մեծ ավանդի համար:
Ավելացնենք, որ վերջերս ՀՀ նախագահի մոտ հրավիրված Իրան-Հայաստան հարաբերությունների օրակարգային հարցերի և ընթացիկ ծրագրերի համատեքստում կարևորվել էր այս բնագծում նոր, փոխադարձ ճանաչողությանը միտված նախաձեռնությունների անհրաժեշտությունը:
Նյութի աղբյուրը՝ http://www.minurban.am/am/news/506
Լուսանկարները՝ Հասմիկ Պետրսոյանի և Ռուբիկ Գահրաման Մինասյանի