Բացվեց <<Երուսաղեմի ռուսական և հայկական սրբավայրերը>> լուսանկարների ցուցահանդեսը
ՀՀ քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում մարտի 29-ին տեղի ունեցավ Սանկտ-Պետերբուրգի (ՌԴ) խոշորագույն թանգարաններից մեկի` Կրոնների պատմության պետական թանգարանի հավաքածուից` <<Երուսաղեմի ռուսական և հայկական սրբավայրերը>> լուսանկարների ցուցահանդեսի հանդիսավոր բացումը:
Բացմանը ներկա էին ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանի խորհրդական Օլեգ Շապովալովը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, ՀՀ մշակույթի փոխնախարա Արև Սամուելյանը, Մայր աթոռի թանգարանների և արխիվների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյան և այլ հյուրեր, արվեստի սիրահարներ:
Ցուցահանդեսին բացման խոսքով հանդես եկան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը և Սանկտ-Պետերբուրգի Կրոնների պատմության պետական թանագարանի ավագ գիտաշխատող Ելենա Նիկոլաևան: Ցուցահանդեսի բացումը ուղեկցվում էր Միրզոյան քառյակի նվագակցությամբ՝ հնչեցին Սերգեյ Ախունովի և Տիգրան Գրիգորյանի ստեղծագործությունները:
Ցուցահանդեսին ներկայացված են XIX-ХХ դարասկզբի 60-ից ավել եզակի լուսանկարներ Պաղեստինյան կայսերական ուղղափառ ընկերության հավաքածուից, որոնց վրա պատկերված են Հայ Առաքելական եկեղեցու բազմադարյա պատմությունը և Ռուսական հոգևոր ներկայությունը Սուրբ երկրում: Ցուցահանդեսի այցելուները կտեսնեն XIX-ХХ դարասկզբի հայնտի լուսանկարիչներ Ֆ. Բոնֆիսի, Բ. Գենտշելի, Ի. Բարշչևսկու և այլոց աշխատանքները, որոնցից շատերը ցուցադրվում են առաջին անգամ: Լուսանկարները ներկայացնում են Երուսաղեմի ճարտարապետական հուշարձանները, հայկական և ռուսական տաճարների գեղարվեստական հարդարանքը, ուխտագնացների կողմից այցելվող և ամբողջ քրիստոնեական աշխարհի կողմից երկրպագվող սրբավայրերը: Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 5-ը: Մուտքն ազատ է:
![]() |
![]() |
![]() |
![]() |