ԲԼՈՒՐ-ՏԱՃԱՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՈՐԻՆՎԱԾՔԻ ՏԻՊԱԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Picture1Հայկական լեռնաշխարհի ճարտարապետությունը Հայկազունիներից առաջ, նրանց տիրապետության շրջանում և դրանից հետո առաջացել, զարգացել և հաջորդաբար գոյատևել է, որպես մեկ ընդհանուր բնաճանաչողական, բնապաշտական մտածողության արդյունքում ստեղծված և շարունակաբար վերաիմաստավորված ճարտարապետական տիպ-տեսակների փոխկապակցված և մեկը մյուսի տրամաբանական շարունակությունը կազմող ընդհանրություն: Բնական ապաստարանից մինչև արհեստական միաբջիջ, ապա բազմաբջիջ և համալիր-բնակելի տների տեսակների համադրությամբ առաջացել են փողոցների և նրբանցքների շուրջ համախմբված բնակելի թաղամասեր, վերջիններիս  <<կրկնությամբ>> բնակելի միջվայրի ավելի ընդարձակ միավորներ՝ բնակավայրեր (գյուղ, ավան, քաղաք համալիրներ): Հետաքրքրական է այն փաստը, որ մեր նախապապերը իրենց բնապաշտական հավատալիքներին ձոնված բնական սրբատեղինները, վայրերը և արհեստական կուռքերն ու զոհասեղանները, վայրերը (սար, լեռ, քարաժայռ, ջուր, ծառ և այլն), առանձնացրել և տեղադրել են նախ բնության գրկում, ապա տեղափոխել բնակելի միջավայր, տուն, բակ, հրապարկ, ապա առանձնացրել նպատակային, արհեստական կառույցների տեսքով (արձան, տաճար և այլն): Ք.ծ.ա.  IV հազարամյակից առաջ և ընթացքում ինչպես նաև  Ք. ծ. ա.   III հազարամյակի սկզբներին Հայկական լեռնաշխարհում արդեն կային ինքնատիպ (կլոր և քառանկյուն հատակագծային լուծումներով բնակելի տներից և համալիրներից ՝ՁզմվՁ՛) բնակավայրեր (ինչպես բնական միջավայրում կառուցված, այնպես էլ արհեստական բլուրների վրա տեղադրված): Հայկական Լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից են՝ Չայունու Թեպեսիի արհեստական բլուր-բնակավայրը, ուղղանկյուն հատակագծով և հարթ տանիքով    տներով (VIII հազարամյակ մ. թ. ա., Դիարբեքիրի շրջան), Չաթալ-Հույուքը (VII հազարամյակ մ. թ. ա.), Յանիք Թեփեն (VI հազարամյակ մ. թ. ա.), Քուռ գետի աջ ափի, Վանի ավազանի, Արաքսի միջին հոսանքի, բազմաթիվ բլուր-բնակավայրեր կլոր և ուղղանկյուն հատակագծով կացարաններով (VI-V հազարամյակ մ. թ. ա.)[1] և այլն: Հայկական Լեռնաշխարհի ճարտարապետությունը այնքան էր զարգացել և նրա համբավը այնքան էր տարածվել շրջակա երկրներ, որ նույնիսկ պահանջ էր առաջացել արտահանելու ճարտարապետա-շինարարական միտքն ու հմտությունը, շինանյութն ու վարպետաց գիտելիքները: Ճարտարապետա-շինարարական մտքի, հմտության և գիտելիքների արտահանման տարածաշրջաններից մեկը միջագետքն էր: Միջագետք անցած մեր նախնիները եղել են քաղաքակրթության առնվազն հինգ (այդ թվում և ճարտարապետության) ոլորտների կրողները ու տարածողները[2]: Այս իրողությունը փաստում են Շումերները «…. Ուրուկի տաճարները հնացել ու ճաքճքել էին, որովհետև արատտացիները «…. նավարկություն չեն կատարում, … քարեր, բրոնզ, կապար, լազուրիտի կտորներ … չեն բերում իրենց լեռներիցԹ[3]: Իսկ Շումերների ինչին էր հարկավոր Հայկական Լեռնաշխարհի քար-շինանյութը՝ հավանաբար այն պատճառով, որ տեղում քար չկար և անկասկած հավանում, ընդունում և կիրառում էին Արատտացի շինարար ճարտարապետների գիտելիքներն ու փորձը: Picture8Արատտացի վարպետները Շումերում կառուցել են ճարտարապետական կառույցներ, որոնցից էր Ուրուկի հռչակավոր էաննայի տաճարը (որի անունով երբեմն կոչվել է Ուրուկ քաղաքը)[4]: Այստեղ իհարկե, հարց է առաջանում, իսկ ինչ տիպի տաճար են կառուցել Հայկական Լեռնաշխարհի վարպետները Շումերում և արդյոք, դրանք բոլորովին նոր տիպի կառույցներ էին, թե դրանց նախատիպերը պիտի լինեին արատտա երկրում: Ամեն դեպքում, փաստ է, որ մեր նախապապ վարպետ-ճարտարապետները իմացել են տաճար կառուցելու (հետևաբար նաև նախագծելու) գաղտնիքները, ունեցել են բավարար փորձ, գիտելիքներ և հմտություն: Այնքան վարպետորեն են դա կատարել, որ հրավիրվել են Շումեր՝ տեղում կառուցելու (նաև վերակառուցելու) տաճարներ և ամենայն հավանականությամբ նաև այլ տիպի կառույցներ: Ուրուկը գտնվում է միջագետքի հարավում: Սա նշանակում է, որ հայկական լեռնաշխարհի շինարար-ճարտարապետները <<նավարկելով>> կարող էին անցնել նաև այլ միջագետքյան քաղաքներ (Նինվեյ, Մոսուլ, Դուռ-Շարուկին, Աշուր, Բաբելոն, Էրիդու, Ուր և այլն) կառուցել նաև այդ քաղաքներում և այլ բնակավայրերումՄիջագետքյան ճարտարապետության ձեռքբերումները հայտնի են գրականությունում: Դրանք հիմանականում քաղաքներ են, տաճարներ, զիկկուրատներ:Միջագետքյան պաշտամունքային ամենատարածված կառույցը զիկկուրատն է: Այն իրենից ներկայացնում է աստիճանաձև բուրգ (աղյուսաշեն), որի գագաթի հարթ հատվածում տաճարն է: Դեպի տաճար են տանում աստիճան-հարթակները՝ իրար կապող թեքուղի սանդուղքները: Շումերա-Աքքադական մշակույթի  վաղագույն կառույցներից են՝ մ. թ. ա. IV հազարամյակի կեսով թվագրվող Թեփե-հավրայի, Էրիդուի և Ուրուկի աղյուսաշեն տաճարները (որոնք կենտրոնում ունեն դահլիճ, զոհասեղան, կողքերից օժանդակ սենյակներ) ուղված երկրի չորս կողմերը: Իսկ երկրի չորս կողմերի մասին հասկացությունները և պատկերացումները Հայկական Լեռնաշխարհում ձևավորվել էին ավելի վաղ և ֆիքսվել ժայռապատկերներում[5]: Հետաքրքրական է նաև, որ Շումերա-Աքքադական (13-12-րդ դդ. մ. թ. ա.) ճարտարապետական կառույցների տանիքները սովորաբար ծածկում էին տեղական արմավենու, իսկ կարևոր կառույցներում՝ լեռներից բերվող սոճու կամ մայրիի գերաններով: Հասկանալի է, որ միջագետքի համար լեռները գտնվելու էին Տիգրիս և Եփրատ գետերի ակունքներում, այսինքն Հայկական Լեռնաշխարհում: Ճարտարապետագեղագիտական առումով սրանք ավարտուն հորինվածքներ են, որոնց նախատիպերը միջագետքում չեն հանդիպում: Ուշագրավ է նաև՝ բուրգ-բլուր, դեպի վեր երկինք ձգտման և տաճար (պաշտամունքային վայր) կառուցելու մտաըմբռնումային (ելակետի առաջացման խնդիրը) մանավանդ հարթավայրային միջագետքում: Արդյոք այս մոտեցումը ներմուծովի չէ, և չէր կարող ներմուծվել հենց արատտացի վարպետ-շինարարների կողմից: Եթե այդպես է, նշանակում է հայկական լեռնաշխարհում պիտի լինեին զիկկուրատային հորինվածքների նախատիպերը: Հայ ճարտարապետության և քաղաքաշինության պատմա-տեսական գրականությունում, կարծես, բացակայում են ք.ծ.ա. V-III հազարամյակների տաճարաշինության մասին հիմանարար նյութերը: Ցավոք մեզանում անուշադրության է մատնվել հայ ճարտարապետության պատմության համար շատ կարևոր այս շրջանը: Այն դեպքում, երբ հետաքրքիր տեղեկությունների կարելի է հանդիպել Թ. Թորամանյանի[6], Ս. Սարդարյանի[7], Ա. Քալանթարի[8], Խ. Սամուելյանի[9] և այլոց մոտ: Ըստ այդ տեղեկությունների մինչ Արարատյան թագավորության շրջանը Հայկական Լեռնաշխարհում գոյություն են ունեցել բլուր-տաճար պայմանական անվանումով ճարտարապետական պաշտամունքային կառույցներ: Դրանցից շատերի ավերակները պահպանվել են մինչև օրերս, որոշ մասը մասնակի պեղվել  և նկարագրվել է: Զարմանալիորեն դրանց ճարտարապետաքաղաքաշինական, տիպաբանական  վերլուծությունը, վերականգնումը, վերակազմությունը չի արվել և դրանք հայ  Ճարտարապետական տիպաբանական տարատեսակ շղթայում իրենց տեղը չեն գտել: Բլուր-տաճարների կամ բլրագագաթների վրա կառուցված ամրոցների նկարագրությունը ինքնին հետաքրքիր է: Ընդ որում հարկ է նշել, որ Թ. Թորամանյանը և այլք մի շարք բլուր-տաճարներ նկարագրելիս նրանց անվանում են ամրոցներ, հավանաբար պարսպապատերի բազմաշերտությունը նկատի ունենալով: <<Այդ ամրոցների պարիսպները, որոնք իրարից այնքան էլ մեծ տարբերություններ չունեն կառուցված են ըստ կարելվույն դժվարամերձ բլուրների վրա և ներկայացնում են միաշար կամ երկշար անտաշ, կոպիտ քարեր, որոնք մեծ մասամբ վիթխարի ծավալի են հասնում, ունենալով մինչև 4 մետր երկարություն, մեկ մետրից ավելի լայնություն ու բարձրություն և շարված են առանց որևէ շաղախի, որ մի ամբողջ լայնությունը շատ անգամ հասնում է 5-7 մետրի[10]>>:Picture2 Կամ <<Ապարաժի կտորները միանգամայն, բնականորեն, ինքնաբերաբար պայթած վիճակի մեջ դասավորված են պատերուն մեջ, եթե նույնիսկ կարելի լինի շարք անվանել, քան թե շարված>>[11]:  Այս կարգի ամրոցները բազկացած են լինում մի քանի շարք, 3-4-5, համակենտրոն պարիսպներից, որոնք շրջապատում են բլրի լանջերը և ապա գագաթի վրա վերջավորվում են միջնաբերդով: Բացի այդ՝ հիշյալ ամրությունների առանձնահատուկ գիծը, որ անշուշտ ծառայում է ստրատեգյական նպատակների, այն շառավիղաձև պատաշարերն են, որոնք ձգվում են գագաթից լանջն ի վար դեպի բլրի ստորոտները:[12] Կարևոր է այն հանգամանքը, որ այս <<Ամրոց բլուրների>> տարածքում կատարված պեղումների ընթացքում ոչ մի արտիֆակտ չի հայտնաբերվել, որոնք ապացուցեին դրանց բանակելի կամ ռազմական կառույց-տարածք լինելու հանգամանքը: Թերևս սա է հիմք հանդիսացել Ս. Սարդանյանին ենթադրելու, որ այս հորինվածքները բլուր-տաճարներ են[13]: Picture7Ս. Սարդարյանը բլուր-տաճարներ է համարում՝ Արդար Դավթի, Ծիծեռնակաբերդի, Գառնիի, Ծաղկահովտի, Լեռնակեևրտի, Դաշտադեմի, Բագնայրի, Թահմազ-թափայի և այլ պաշտամունքային կառույցները: Այս ենթադրության օգտին է խոսում նաև այն հանգամանքը, որ այս բլուրների ստորոտներին, նրանց հարևանությամբ հայտնաբերվել են հաճախ պարսպապատեր չունեցող բնակավայրեր: Բլուր-տաճարի հորինվածքը հաջորդել է բլու-բնակավայր հորինվածքին, պայմանավորված հասարակույթան մեջ դասերի բաժանման համակարգի առաջացումով: Բլուր-տաճար հորիվածքի լավագույն օրինակներից է Արդար Դավթի բլուրի պաշտամունքի տաճարը (Էջմիածնից Օշական գնացող ճանապարհի ձախ կողմում): Բլուրը ստորոտից մինչև գագաթը շրջապատված է 4-7 կարգ զուգահեռ, խոշոր քարերից շարված հորիզոնական պարիսպներով: Բլրի գագաթի վրա կա կլոր կառույց (պաշտամունքի տաճար)[14]: Այսպիսի հորինվածքը պատահական չէր կարող լինել: Բլրի գագաթի կլոր հատակագծով պաշտամունքային կառույցի նախատիպերը անշուշտ եղել են ք.ծ.ա. 8-6-րդ հազարամյակներում արարատյան դաշտում տարածված բլուր-բնակատեղիների ձվածիր հատակագծով, ապա ԸշենգավիթյանԹ (5-3-րդ հազարամյակների) կլոր հատակագծով բնակարանները: Իզուր չէ, որ Լանգի և Բարենեյի բնութագրմամբ Հայաստանը բլուր-բնակավայրերի երկիր է[15] համարվել: Picture6Բնական սարերը, լեռները, բարձունքները, խառնարարնները, բլուրների գագաթները (որպես առ Աստված և երկնքին մոտ հոգևոր կապի միջնորդ) կարող էին նախատիպ հանդիսանալ հայկական լեռնաշխարհի բնակիչների համար, նրանց բնափիլիսոփայական հավատալիքների և պատկերացումների շրջանակում հիմք դառնալով բլուր-տաճար պաշտամունքային տարածքի, զոհասեղանի և ապա տաճարական կառույցի համար: Այսպիսի հենքի վրա կարող էին, մի կողմից բնական բլուրները, ժայռաքերծերը և այլն որպես պաշտամունքային վայրեր, մյուս դեպքում դրանց վրա կարող էին կառուցվել պաշտամունքային նշանակության շինություններ (զոհասեղան, տաճար և այլն) կամ ուղղակի արհեստական աստիճանաձև դեպի կենտրոն փոքրացող շրջանաձև պարիսպների միջոցով վերաշինվել բլուր-զոհասեղանների կամ բլուր-տաճարներիՀետագայում այս հորինվածքները կարող էին նաև շրջապատվել բնակելի կառուցապատումներով կամ պաշտպանական ամրություններով, վերաճելով միջնաբերդերի, ամրոցների, տաճարների և այլն: Այսպիսի հորինվածքներ հայկական լեռնաշխարհում շատ կան (Բագառիճ, Մանազկերտ, Բերդասար, Վելի բերդ, Մհերի դուռ, Աղջկաբերդ, Մժնկերտ, Բջնակի Քարե տունը և այլն): Հնագույն բլուր-բնակավայրերում առանձին պաշտամունքային կառույցներ չեն եղել: Դրանք ավելի ուշ հորինվածքներ են, որոնց սոցիալական պահանջ-հիմքը հասարակության դասերի բաժանումն պետք է լիներ, որի արդյունքում հիմանական բնակավայրերից նախ անջատվում են պաշտամունքային և ապա առաջնորդի (թագավորի) կառավարման գործառույթները ապահովող տարածքները: Ծիծեռնակաբերդի օրինակում, Հրազդան գետի աջ ափից լանջն ի վեր ձգվող բնակավայրը իր քաղաքաշինական հորինվածքում արդեն ուներ բլուր-տաճար կառույցը և դամբարանադաշտը, որոնք բոլորը մեկտեղ արդեն պարսպով պաշտպանված քաղաք-բնակավայրի նախատիպ են հանդիսանում: Բնակավայրերի ներսում, նրանից դուրս կամ հարևանությամբ պաշտամունքային վայր, տարածք, զոհասեղան, տաճար և այլն ունենալու համար նախ հարկավոր պիտի լիներ առանձնացնել (ընտրել) այդ տարածքը, որպես սահմանազատված, սահմանագծված տարածք, հատված, սրբազան տարածք (Օրինակ՝ Բագ-ել-բագ-ին, բագինն արդեն որպես սրբազան տարածք՝ 1. տաճար, 2. զոհասեղան ընկալումով): Ծիծեռնակաբերդի օրինակում Հրազդան գետի աջ ափի հատվածը ընտրվել է որպես հարմար բնակատեղի (ջուր, այրեր, գետի հունով դեպի վեր և վար այլ բնակավայրերի հետ կապ և այլն), ապա մոտակա բնական բլուրը ընտրվելով առանձնացվել է որպես սրբազան տաճարի տարածք դիմացում ունենալով Արարատների համայնապատկերը (Երևանում եղել են նաև այլ բլուրներ՝ գագաթներին հին կառույցներով` Ծիծեռնակաբերդ, Կարմիր բերդ, Արին բերդ, Ձորաբերդ և Շենգավիթ)[16]: Նմանատիպ բլուր-տաճարներ են հայտնաբերվել Գառնիում, Լեռնակերտում, Ծաղկահովտում, Դաշտադեմում, Բագնայրում (Կարսի շրջան), Ալաջայում (Արջոառիճ), Թամազ-Թափայում (Կարսի շրջան), Ագարակում, Փարպիում, Աղցում, Քարաշամբում, Այգեշատի մոտ, մեծ և փոքր Արտինների վրա և այլուր: Ընդ որում հանդիպում են կոնաձև, դեպի կենտրոն և գագաթ բարձրացող և աստիճանաձև փոքրացող, օղակաձև պարիսպներով բլուրներ՝ ա. գագաթում կլոր և բ. գագաթում քառանկյուն հատակագծով տաճարներով: Կան նաև բլուր տաճարներ որտեղ օղակաձև պատերը լրիվ շրջան չեն կազմում տեղի ռելեֆի պատճառով: Ամենայն հավանականությամբ տաճարների տանիքների հորինվածքները (հիմքում ունենալով բնակելի տների արդեն գոյություն ունեցող ձևերը) պետք է լինեին կոնաձև, հարթ կամ երկթեք լուծումներով: Տարատեսակների և հորինվածքների այսպիսի բազմազանությունը, քանակը և տարիքը թույլ  են տալիս եզրակացնել, որ հենց այս բլուր-տաճար կառույցները կարող էին նախատիպ հանդիսանալ միջագետքյան զիկկուրատների համար: Այս են վկայում մեր կողմից արված Արդար Դավթի, Ծիծեռնակաբերդի և Ծաղկահովտի բլուր-տաճարների վերակառուցման նախագծերը: Հայկական Լեռնաշխարհի վարպետ-ճարտարապետները, օգտագործելով միջագետքյան տեղական հումքը՝ կավը կարողացել են տեղայնացնել իրենց ծանոթ տաճարի տիպերը արդեն միջագետքում, կառուցելով աղյուսաշեն բլուր-զիկկուրատներ, վերին հարթակում տեղադրելով տաճարներ: Հակառակ պարագայում հայկական լեռնաշխարհից միջագետք հրավիրված վարպետների և շինանյութի ներմուծումը անհասկանալի է դառնում: Արատտացի շինարար ճարտարապետները ամենայն հավանականությամբ միջագետք են տարել նաև շինարարական տերմիններ և հասկացություններ:Picture5 Ըստ Փենսիլվանիայի համալսարանի շումերագիտական կայքի տվյալների Արմեն Դավթյանը հետևում է, որ դու-ել-<<կուտել>> և դու-ին-<<բլուր>> բառ աշխարհում չունի ոչ ոք՝ բացառությամբ հայերենի և շումերերենի: Շումերերենում բլուրը նաև կարելի է կիրառել իբրև թումբ, գերեզմանաթումբ, գերեզմանաբլուր, աստվածաբանության համար նախատեսված գահի հարթակ (պլատֆորմ), պաշտամունքային և տիեզերական տարածք և այլն: Ակնհայտ է, որ Արատտայից հրավիրված շինարար-ճարտարապետները ծանոթ պիտի լինեին այս բառ-հասկացություններին, իսկ ավելի տրամաբանական է, որ իրենք էլ բերած լինեին այս տերմինները, քանզի առանց այս բառ հասկացությունների հնարավոր չէր լինի կառուցել բլուր-տաճար-զիկկուրատները: Զիկկուրատ-բլրի գագաթի հարթակի պաշտամունքային տաճարի պարագայում, հայտնի է նաև  տաճար-տուն-կուր (լեռ)-կռատուն նույնական զուգահեռները: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ բլուր-գագաթ-երկիր-երկինք ուղղահայաց առանցքի և ընդհանրապես դեպի երկինք կապի դրսևորումներ ենք տեսնում Եգիպտոսի, Հնդկաստանի, մինչ Կոլումբոսյան Ամերիկայի և այլ երկրների (հատկապես հնդեվրոպական լեզվախմբի կրող) պաշտամունքային կառույցներում, որոնք ավելի ուշ շրջանի (բացառությամբ Եգիպտականի, օրինակ, Ջոսերի բուրգային համալիրը Սաքարայում (2780թ. մ. թ. ա.) իրենից ներկայացնում է 7 աստիճաններից կազմված զիկկուրատաձև հորինվածք կամ դեպի վեր ձգտման գագաթի դրսևորումները Աբուսիդի Ռա (արևի) Աստծո տաճարի, Դեյբ-Էլ-Բահադիի Հաթշեփսուտ թագուհու կամ մենտուհոտեպների տաճարա-բուրգային համալիրներում և այլն) կառույցներ լինելով հանդերձ, կարծես իրենց մեջ խտացրած պահպանում են բլուր-տաճարի, զիկկուրատի, բուրգի, կոնի, նախատիպ հորինվածքները:Picture4Հետևաբար՝ բնական այր կացարանից, խորհրդապաշտական մտածողության[17] արդյունքում ստեղծված արհեստական բնակարան, տուն, բակ, փողոց, հրապարակ, բնակատեղի, արհեստական բլուր-բնակավայրեր, պարսպապատ քաղաք, բլուր-տաճար, ամրոց, բերդ, միջնաբերդ, տաճար, պալատ, եռյակ քաղաքների համակարգ (ըստ Արմեն Զարյանի)[18], եռադաս քաղաքների համակարգ (ըստ Ս. Պետրոսյանի)[19], Քաղաքաշինական լայնածավալ գործունեություն Տիգրան Մեծի շրջանում[20] (դրունքներ, վարչական և հոգևոր պաշտամունքային մայրաքաղաքների ստեղծում, արքունի ճանապարհ և այլն) և ճարտարապետաքաղաքաշինական համակարգված գործընթաց միջնադարում, շղթայի գոյությունը ընդամենը վկայում են Հայկազունիներից առաջ, նրանց տիրապետության ընթացքում և  հետո հայ ճարտարապետական մտքի տեղական բնույթը, հարևան երկրներ թափանցելու և կիրառվելու փաստը և գործընթացի անընդհատությունը:

Աշոտ Հայկազուն Գրիգորյան, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր, հոդվածը հրատարկված է <Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը> գիտաժողովի հոդվածաշարում, Երևան, 2012թ.

Բոլոր իլյուստրատիվ նյութերը  ՃԱԹԻ-ի պահոցից են

 

[1] Տես՝, Հայկական ճարտարապետության պատմություն, հ. 1, Երևան, 1996, 298 էջ:

[2] Տես՝ Ա. Մովսիսյան, Հայաստանը Քրիստոսից առաջ երրորդ հազարամյակում (ըստ գրավոր աղբյուրների), Երևան, 2005, էջ 102:

[3] Ա. Մովսիսյան, 2005, էջ 17, Kramer, 1952, էջ 6-7, Канева 1944, N 4, էջ 205, Cohen, 1973, էջ 112, ETCSL, 1.8.2.3, տող 16-20:

[4] Ա. Մովսիսյան, 2005, էջ 101, Kramer, 1952, էջ 8-9, 14-15, 28-29, Канева 1964, N 4, էջ 205,208, 214, Cohen, 1973, էջ 113,118, ETCSL, 1.8.2.3, տող 31-32, 130-133, 374-377:

[5] Տես՝, Ա. Հայկազուն, Խորհրդանշանային մտածողությունը հայ ճարտարապետությունում, Երևան, 2005, 178 էջ:

[6] Թ. Թորամանյան, նյութեր հայկական ճարտարապետության պատմության, Երևան, 1942, էջ 14-18:

[7] Ս. Սարդարյան, Հայաստանը  քաղաքակրթության օրրան, Երևան, 2004, էջ 443:

[8] Ա. Քալանթար, Հայաստանը քարե դարից միջնադար, Երևան, 2007, էջ 198-206:

[9]  Նույն տեղը, էջ 143-145:

[10] Խ. Սամուելյան, Հին Հայաստանի կուլտուրան, հ. 3, Երևան, 1941, էջ 35-36:

[11] Թ. Թորամանյան, Նախաքրիստոնեական հայ ճարտարապետությունը, <<Բանբեր Հայաստանի գիտական ինստիտուտի>>, Գիրք Ա և Բ, 1921-22թթ., էջ 207-225:

[12] Տես՝, Խ. Սամուելյան, Հին Հայաստանի կուլտուրան, հ. 3, Երևան, 1941, էջ 35-36:

[13] Ս. Սարդարյան, Հայաստանը քաղաքակրթության օրրան, Երևան, 2004, էջ 442-445:

[14] Տես՝ Խ. Սամուելյան, Հին Հայաստանի կուլտուրան, հ. 1, էջ 143-145:

[15] Ս. Սարդարյան, Հայաստանը քաղաքակրթության օրրան, Երևան, 2004թ., էջ 2:

[16] Ե. Շահազիզ, Հին Յերեվան, Յերեվան, 1930, 258 էջ:

[17] Ա. Հայկազուն, Խորհրդանշանային մտածողությունը հայ ճարտարապետությունում, Երևան, 2005,  178 էջ:

 

[18] Ա.Զարյան, Ակնարկներ հին և միջնադարյան Հայաստանի քաղաքաշինության պատմության, Երևան, 1986, 223 էջ:

[19] Ս. Պետրոսյան, Դասերը և եռադասության դրսևորումները հին ու վաղմիջնադարյան  Հայաստանում, Գյումրի, 2001, 61 էջ:

[20] Տես` Ա. Գրիգորյան, Քաղաքաշինական և տարածաշինական համակարգերը ԱրտԱրտաշեսյանների շրջանում, Տիգրան Մեծ, Երևան, 2011, էջ 212-220: