Թանգարանի ստեղծման պատմությունը
Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ 1990 թվականին։ Իր տեսակի մեջ ինքնատիպ գիտամշակութային հաստատություն է, ուր հավաքվում են ճարտարապետության, քաղաքաշինության և շինարվեստի պատմությանը, տեսությանը և գործնականին վերաբերվող տարաբնույթ նյութեր։ Թանգարանի գործունեության առանձին մաս են կազմում Հայաստանում և արտերկրում ստեղծագործած և ստեղծագործող հայ ճարտարապետների և շինարար-ճարտարագետների գործունեությունը ներկայացնող բազմաբնույթ նյութեր։ Թանգարանում հավաքված նյութերը ուսումնասիրվելուց հետո գրանցվում են և առնվում պետական պահպանության ներքո։
Թանգարանը գիտահետազոտական մշակութային հաստատություն է և զբաղվում է գիտական, հրատարակչական, գիտա-մեթոդական գործունեությամբ, կազմակերպում է ցուցահանդեսներ (նաև արտերկրում), մասնակցում հանրապետության գիտամշակութային և ուսումնական ծրագրերի զարգացման գործընթացին։ Թանգարանը, գիտական և ստեղծագործական կապեր հաստատելով, համագործակցում է ինչպես հանրապետության, այնպես էլ արտերկրի նմանատիպ մշակութային կենտրոնների, թանգարանների, գիտաուսումնական հիմնարկների և անհատ ճարտարապետների հետ։
Թանգարանի լրիվ անվանումը – «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ), կրճատ՝ ՃԱԹԻ: Թանգարանը ունի իր տարբերանշանը (հեղինակ՝ Հ.Սամուելյան):
Թանգարանի հասցեն- Հայաստան, Երևան, Կառավարական տուն 3
հեռ/ֆաքս +374.10 524630
էլ-փոստ.- armarchmuseum@gmal.com
Թանգարանում կազմակերպվում են ինչպես անհատական այնպես էլ խմբակային ցուցահանդեսներ (գեղանկարչական, գրաֆիկական, ճարտարապետական և այլն), մրցույթներ, շնորհանդեսներ, սեմինարներ, դասախոսություններ, գիտաժողովներ: Թանգարանում կազմակերպվում են նաև շրջիկ ցուցահանդեսներ: Վերջին տարիների ընթացքում հայ ճարտարապետությանը նվիրված ցուցահանդեսներ են կազմակերպվել Գյումրիում, Գորիսում, Գավառում, Ալավերդիում, Արտաշատում, Վանաձորում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ցուցահանդեսներ են կազմակերպվել նաև Իտալիայում, Ֆրանսիայում, Բուլղարիայում, Պորտուգալիյում, Հունաստանում, Կանադայում, Ռուսաստանում:
Ֆոնդարան: Թանգարանի ֆոնդարանում պահպանվում են ավելի քան 6830 հազար անուն արխիվային նյութեր, ֆոնդերից կարելի է օգտվել ամեն օր 11.00-16.00 բացի երկուշաբթի, շաբաթ և կիրակի օրերից՝ ֆոնդային նյութերից պատճենների տրամադրումը վճարովի է։
Գրադարանը։ Թանգարանի գրադարանում ամբարված է 2800 անուն գրականություն, որից կարելի է օգտվել ամեն օր ժ. 11.00-16.00 բացի շաբաթ և կիրակի օրերից։ Գրականության սպասարկումը կատարվում է տեղում, պահանջվող նյութի պատճենահանման, ֆոտոլուսանկարման և այլ ծառայությունները վճարովի են:
Ցուցադրություններ: Նախորդ տարիներին կազմակերպվել են`
- 1996թ. սկսած Հայաստանի ճարատարապետության ազգային թանգարան-ինստիտուտը Իտալիայի Վենետիկ քաղաքում կազմակերպվող «Վենետիկյան ճարտարապետական բիեննալե» ցուցահանդեսներին մասնակցում է՝ ներկայացնելով հայ ճարտարապետներին եւ հայ ճարտարապետությունը:
- 1998թ. Սպիտակի երկրաշարժի 10-ամյակին նվիրված ցուցահանդես:
- 1999թ. Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման 1700 ամյակին նվիրված ցուցահանդես, որը հետագայում 2001թ-ին վերաբացվեց «Հայ միջնադարյան ճարտարապետությունը եւ մշակույթը» խորագրով:
- 2001թ. Անիի Մայր տաճարի օծման 1000 ամյակին նվիրված ցուցահանդես եւ վերջերս 2013թ-ի փետրվար-մարտ ամիսներին Անիի 1050 ամյակին նվիրված ցուցահանդես Կանադայում:
- 2004թ. Ստամբուլահայ նկարիչ Արա Գյուլլերի լուսանկարչական աշխատանքների առաջին ցուցադրությունը Երեւանում:
- 2004թ. Իրանահայ ճարտարապետ Վարուժան Առաքելյանի «Իրանի տարածքի հայկական վանքային համալիրների վերակառուցման աշխատանքների արդի վիճակը» թեմայով ցուցադրություն եւ սեմինար:
- 2004թ. «Տարվա նախագիծ եւ կառույց» ամենամյա մրցույթ-ցուցահանդես, որը շարունակական է եւ այժմ ցուցահանդեսին զուգահեռ անցկացվում են գիտաժողովներ, որի առաջին փորձը տեղի ունեցավ 2011թ-ին՝ վերանվանվելով «Երեւանյան ճարտարապետական Բիեննալե», իսկ գիտաժողովի թեման էր՝ «ճարտարապետա-քաղաքաշինական մտավոր ժառանգության պահպանման խնդիրներն ու զարգացման հեռանկարները»:
- 2007թ. քանդակագործ Արտաշես Հովհաննիսյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը:
- 2007թ. «Աշխարհի 100 ստեղծագործողները» խորագրով ցուցահանդես Փարիզում:
- 2008թ. Ճարտարապե
- տ Ռաֆայել Իսրայելյանի ծննդյան 100-ամյակին նվիրված անհատական ցուցահանդես:
- 2009թ. Սփյուռքահայ ճարտարապետների ստեղծագործությունների ցուցահանդես:
- 2009թ. Ճարտարապետ Արմեն Զարյանի 95-ամյակին նավիրված անհատական ցուցահանդես, որը այնուհետեւ 2012թ-ին ցուցադրվել է Վանաձորում:
- 2010թ. Հոլանդացի նկարիչ Ռալֆ Հայնենի գեղանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդես :
- 2011թ. «Արեւմտականացող Ստամբուլի հայ ճարտարապետներ» խորագրով ցուցահանդես Երեւանում, այնուհետու Վանաձորում եւ Գյումրիում:
- 2012թ. «Նկարում են հայ ճարտարապետները» խորագրով ցուցահանդես, ուր ներկայացված էին մեր օրերում ապրող եւ ստեղծագործող հայ ճարտարապետների գեղնակարչական աշխատանքները:
- 2013թ. Ճարտարապետ Ռոմեո Ջուլհակյանի 75 ամյակին նվիրված հետմահում առաջին անհատակ ցուցահանդես:
- 2014թ. <<Երևանյան ճարտարապետական Բիեննալե>> համահայկական մրցույթ-ցուցահանդես:
Թանգարանի ցուցասրահը բաց է ամեն օր ժ.10.00-17.00, բացի երկուշաբի օրից: Մուտքն ազատ է: