Գագիկ Արծրունու պալատի հորինվածքային առանձնհատկությունները

Picture1

Հայ ճարտարապետական ինքնատիպ հորինվածքների շարքում իրենց ուրույն տեղն ունեն պալատական կառույցները: Պալատը  (լատ. palatium) արքունի կամ իշխանական տուն, ապարանք է[1]: Սկզբնապես պալատ են անվանել միայն տիրակալի գահանիստը, հետագայում` նաև հասարակության բարձր խավերի ներկայացուցիչների պալատատիպ բնակարանները, XIII-XV–րդ դարերում պետական կարևոր հիմնարկությունները, իսկ XIX դարից` կարևոր նշանակություն ունեցող տարբեր հասարակական շենքները  (Արդարադատության պալատը, Մշակույթի պալատը, Սպորտի պալատը և այլն)[2]Պալատի ճարտարապետական կերպարին բնորոշ է մասշտաբայնությունը և ձևերի մոնումենտալությունը` պայմանավորված պետական գաղափարախոսությունն առավել արտահայտելու և պատկառազդու դարձնելու ձգտումով: Պալտների շինարարությունը սովորաբար իրագործել են ժամանակի մեծագույն ճարտարապետները, դեկորատիվ արվեստի վարպետները, ուստի  այն եղել է ճարտարպետության ընդհանուր զարգացման էական գործոններից: Հայաստանում հնագույն պալատները ստեղծվել են ուշ բրոնզի և վաղ երկաթի դարաշրջաններից` ամրոցներում և միջնաբերդերում: Ուրարտական պալատները կառուցվում էին արտաքին խուլ, աշտարակավոր պատերով և երդիկավոր հարթ կտուրներով ամփոփված մոնումենտալ ծավալներով, որոնք դասավորվում էին 1-2 հարկի վրա` դահլիճների, միջանցքների և բակերի շուրջը, տեղանքին համպատասխան աստիճանաձևությամբ (Տուշպա, Էրեբունի, Թեյշեբաինի, Արգիշտիխինիլի և այլն): Պատերը հիմանկանում հում աղյուսից էին, քարե հիմնապատի վրա, դրսից և ներսից կավածեփ, հանդիսվոր մասերում` նաև նկարազարդ:Picture2 Առանձին դեպքերում օգտագործվում էին խճանկարներ (Տուշպա, Ալթին Թեփե): Իբրև հարդարանք էին ծառայում պատերից կախված բրոնզե քանդակազարդ վահանները[3]Անտիկ շրջանում շարունակվել են պալատները ամրոցներում մոնումենտալ ձևերով կառուցելու ավանդույթները, ինչպես և հին պալատների վերակառուցումը (Արմավիր, Վան, Էրեբունի): Հայաստանում հում աղյուսը քարի տարբեր տեսակներով փոխարինելը, առանձին դեպքերում քարուկիր ծածկերի հանդես գալը, հելլենիստական ոճը`  նպաստել են պալատների ճարտարապետության զարգացման[4]Վաղ միջնադարում տարածում էր ստացել փոքր բաժանմունքներով շրջապատված սյունազարդ դահլիճով, սրահով կամ անսրահ տիպը (Դվին, Արուճ), դահլիճների սյունաշարերից քառակուսիներ կազմող դասավորությունը և այլ մանրամասներ ցուց են տալիս փայտե  ծածկի գմբեթաձև, երդիակվոր հատվածներից կազմված լինելը[5]Պալտների հարդարանքում օգտագործվում էին խճանկարներ,  որմնանկարներ, քանդակներ[6]: Պալատական կառույցների, հատկապես սրահների առաստաղների հորինվածքներում լայնորեն օգտագործվել են հազարաշեն տիպի ծածկերի տեսակները, որի ավանդույթը լայնորեն կիրառվել է հայ ժողովրդական բնակելի տների  և եկեղեցական համալիրների գավիթների ճարտարպետության մեջ: Հայ ճարտարապետական, պալատական կառույցների շարքում (Դվին, Անի և այլն) առանձնանում է հատկապես գրավոր աղբյուրներում հիշատակված Գագիկ Արծրունու պալատը: Ըստ Հայոց պատմիչների Հայոց Գագիկ թագավորը, Աղթամար կղզում կառուցել է ոչ միայն սբ.Խաչ եկեղեցին այլ նաև թագավորական պալատը: Աղթամար կղզին, շնորհիվ իր բարենպաստ աշխարհագարական դիրքի, հնագույն ժամանակներից արդեն ծառայել էր որպես հուսալի ապաստարան, և այն ամրոց էր արդեն անհիշելի ժամանակներից: Այդ են վկայում կղզու հյուսիս-արևմտյան մասում պահպանված կիսակլոր որմածքի մնացորդները, հսկա ժայռաբեկորներից շարված անշաղախ պատերի հատվածները, որոնք անվերապահորեն թվագրվում են նախաուրարտական շրջանով[7]Ավելի ուշ ժամանականերից հայտնի է Սեբեոսի հիշատակությունն այն մասին, որ VII դարում Աղթամարում էր ամրացել Թեոդորոս Ռշտունին, բյուզանդական կայսրության դեմ մղած իր պայքարի ժամանակ[8]:Picture3 Իսկ Թովմա Արծրունին առանձնակի սիրով է նկարագրում Գագիկ Արծրունու սխրագործությունների, Աղթամարի հիմնադրման ու այնտեղ ծավալված շինարարության մասին. <<Ինձ ահա հույժ սիրելի է ձեռնարկել ավելի բարձր բանի` հիշատակ թողնելու [մեզնից] հետո եկածներին, ինչպես և ի պարծանս Արծրունյաց ազգատոհմի, հիշատակել Հայոց մեծ թագավոր Գագիկի մտացի և խոհական գործերը: Նա քաջությամբ և աշխարհաշեն խաղաղասիրությամբ, իբրև հայր և խնամածո, հոգ էր տանում Հայոց աշխարհի մասին: Բարեխնամ գթությամբ դարմանում էր աղքատներին, վերադարձնում գերիներին, փրկում հափշտակվածներին, իրավունք տալիս որբերին և այրիներին, ավարտում, գլուխ էր բերում ամեն մի առաքինասեր արարք: Արժանի է ավելի մեծ գովեստի: Քեզ համար, սիրելի բարեկամ և առաջինը քաջ տղամարդկանցից, որ այս պատմությունն ինձնից պահանջեցիր, ուրիշներից լսած ստահոդ ու առասպելներով պաճուճված չէ, որ հաստատապես գրելու և մատուցելու եմ, այլ որպես ականատես և ականջալուր, իմ ձեռքով շոշափած` հավատապես կպատմեմ քեզ զարմանալի եղելությունների մասին>>[9]Այս մեջբերումից պարզ է դառնում, որ Գագիկ Արծրունին ինքն է պատվիրել Թովմա Արծրունուն, որպես ականատես գրի առնել ինչպես Արծրունյաց տան, այնպես էլ թագավորի սխրագործությունների մասին, մասնավորապես Աղթամար կղզում ժամանակին տեղակայված  Պալատի մասին: Թովմա Արծրունին գրում է, որ <<Գագիկ Արծրունին հրաման տվեց բազմաթիվ արհեստավորների և անթիվ մարդկանց` կտրել ծանր ու դժվարին վեմ քարեր և գցել ծովի անհնարին խոր հատակը: Այսպես, մեծ արքան միառժամանական ջանքեր թափեց և անսպասելիորեն կանգնեցրեց ծովից հինգ կանգուն[10]  բարձրությամբ քարհատակ ամբարտակ>>[11]Պատմիչը նկարագրում է նաև թե ինչպես <<թագավորը, հույժ խելացի ըմբռնմամբ, բազմաթիվ ճարտարապետների հետ, վարպետի լարը ձեռքին. լեռան ստորոտում, որը կղզու գագաթն է, միանգամից տեղը նշանակեց և գծագրեց վայելուչ զբոսատեղեր, գցեց թագավորավայել նստատեղեր: Ծաղկանոցների ու պարտեզների համար հատկացրեց հովիտներ>>[12]:Picture4 Պատմիչը շատ հետաքրքիր և ուրույն կերպով է նկարագրում հատկապես պալատի ներքին և արտաքին հարդարանքների և չափսերի մասին տեղեկությունները: <<Եվ քանզի արքունի դռանը հավաքվել էին բազում արհեստավորներ, պատվավոր մարդիք, ժողովված երկրի ազգերից, որոնք կարող էին անել արքայի կամեցածը և իսկույն գործը կատարում են համաձայն հրամանի: Թագավորը հրամայեց նրանցից մեկին` ճարտարապետ, իմաստուն և հանճարեղ մարդուն, շինելու քառանկյուն պալատ, որի լայնության ու երկարույթան չափը քառասուն կանգուն էր, նույնքան էր և բարձրությունը: Որմերի լայնությունն ուներ 3 մեծաքայլ չափ տարածություն: Որմերը անապակ կրի ու քարի զանգված էին, որ իրար էին խառնված, ինչպես կապարի ու պղնձի համաձուլվածքը: Պալատի շինվածքը, հիմքից մինչև օդի մեջ կախված նրա գագաթը, մնում էր հաստատուն առանց սյուների, ինչն արդարև մտքից  վեր է ու զարմանքի արժանի: Պալատն ուներ նաև կամարակապ խորաններ, անկյուններ և գեղապաճույճ բոլորապատեր, որոնց ոչ միտքը կարող է թվարկել և ոչ էլ աչքերը` զննել: Այն ուներ նաև երկնքի պես բարձր, ոսկեզարդ և լուսաճաճանչ գմբեթներ, որոնց եթե մեկը կամենար նայել, թագավորի իբր պատիվ անելով, նախ պետք է հաներ գլխից խույրը և ապա, տանջելով պարանոցը, հազիվ կարողանար նշմարել զանազան ներկերով նկարված պատկերները: Նրանում [նկարված] է ոսկեզարդ գահույք, որի վրա երևում է պատվական ճոխությամբ բազմած արքան, շրջապատված լույսի նման պատանիներով, ուրախաբեր սպասավորներով: Այնտեղ են նաև գուսանների խումբը և աղջիկների հիացքի արժանի խմբապարը, ըմբշամարտիկների կռիվները, առյուծների ու այլ գազանների խմբեր, տեսակ-տեսակ պաճուճանքներով զարդարված թռչունների երամներ: Պալատի մեծությունը ահավոր է ու ապշեցնող: Նրա մեջ դրված են մանր հորինվածքներով, հրաշալի գեղեցկությամբ կտրատված դռներ, որոնք բացվելիս երկփեղկվում են և թարմ օդ են ներբերում, զովացնում: Իսկ երբ դռան փեղկերը կիպ միանում են, երևում են որպես մի ամբողջություն>>[13]Մեջբերման մեջ հիշատակված  <<ճարտարապետ, իմաստուն և հանճարեղ մարդ>>-ը ամենայն հավանականությամբ Մանուել ճարտարապետն է, նույն ինքը Աղթանար կղզու սբ. Խաչ եկեղցու հեղինակը[14]:Picture7 Պալատի նկարագրության մեջ շեշտվում է, որ կառույցը, որը գմբեթներ ուներ` առանց սյուների է կառուցվել: Սա շատ կարևոր հիաշտակություն է, քանի որ առանց սյուների մեծ տարածքներ ունենալու և ծածկելու ավանդույթը հայ ճարատարապետության մեջ արդեն գույություն ուներ, ի դեմս խաչվող կամարների: Այսպիսի հորինվածքների հանդիպում ենք հատկապես պաշտամունքային կառույցների գավիթներում: Գագիկ թագավորի պալատի վերաբերյալ գրավոր նկարագրությունից զատ, հայ ճարտարապետության պատմությանն ու տեսությանը վերաբերվող գրականությունում որևէ  այլ նկարագրություն, գծագիր կամ պատկեր հայտնի չէ: Հայտնի է մեկ բան, մինչ Գագիկ թագավորի պալատը, հայ ճարտարապետությունում հանդիպող (պահպանված) պալատները հարթ ծածկեր են ունեցել, որոնք հենվել են սյուների վրա, կամ ինչպես  Դվինի պալատի պարագայում` հազարաշեն ծածկով են ծածկված եղել: Այն ինչ Գագիկ թագավորի կառուցած տաճարը առանց սյուների էր և գմբեթավոր: Թովմա Արծրունի և Անանունի նկարագրությունից կարելի է հետևել, որ հավանաբար Գագիկ թագավորի պալատը եղել է երկհարկ գմբեթավոր կառույց և որ մեծ սրահը, որտեղ տարբեր զվարճանքի և ժամանցի միջոցառումներ պիտի կազմակերպվեին` կառուցված պիտի լիներ խաչվող կամրների հիմքով: Այս ենթադրության հիմա վրա փորձ է արվել վերականգնել պալատի հորինվածքը: Ըստ ներկայացվող վերակառուցման նախագծի` Գագիկ թագավորի պալատը 40x40x40 կանգուն խորանարդ ծավալ ունեցող հորինվածք է (հարկ է նշել, որ այստեղ կանգունի մետրական չափը ընտրվել է հայ միջնադարում ընդունված` 1 կանգունը = 50սմ չափով)[15]:Picture8 Առաջին հարկի կենտրոնում լայնարձակ սրահ է, որի արևելյան կողմի մեծ խորանաձև բացվածքում թագավորի գահն է, սրահի հարավային և հյուսիսային կողմերում երկուական խորանատիպ բացվածքներ են, որոնք նախատեսված պիտի լինեին հոգևոր, նախարարական և իշխանական դասերի ներկայացուցիչների համար: Այս դասի ազնվականները անկասկած պիտի պատվավոր հյուրերի շարքում հրավիրվեին թագավորի պալատ և ըստ պատշաճի ունենային իրնեց պատվավոր տեղերը: Պալատական համակառույցի մեջ անշուշտ պիտի լինեին սպասրկման և պաշտպանական նպատակների համար նախատեսված տարատեսակ սենյակներ, պահոցներ և այլ տարածքներ, որոնք ըստ ներկայացվող վերակռուցման նախա•ծի դասավորված են սրահի շուրջ ըստ քառակուսի հորինվածքի պարագծի: Ընդհանրապես պալատական կառույցներում  գլխավոր (հանդիսավոր) սրահների, գահանիստ տարածքների հարևանությամբ տեղակայված են լինում (հաճախ առանձին, օժանդակ կառույցների տեսքով, որպես մեկ համալիրի առանձին մասեր) օժանդակ, սպասարկման համար նախատեսված կառույցներ (գանձատուն, զինանոց, զորանոց, սեղանատուն, պահեստներ, ինչպես օրինակ Անիի պալատական համալիրում և այլն):  Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատմիչը այս մասին ոչ մի տեղեկություն չի հաղորդում, պալատի ընդհանուր հորինվածքը առաջարկվում է կազմակերպել մեկ ծավալի մեջ: Վերականգնման նախագիծ-առաջարկը հեղինակը, ենթադրում է, որ պալատներին հատուկ և բնորոշ բոլոր գործառնական տարածքները և գոտիները, այս դեպքում պիտի տեղադրված լինեին կամ նկուղային հարկում, կամ առաջին և երկրորդ հարկերում:Picture9 Բացի այս, քանի որ պալատի բարձրությունը նույնպես 20 կանգուն է` ըստ նկարագրության, ապա հավանական է թվում, որ պալատը երկհարկ պիտի լիներ (խորանարդաձև և միևնույն ժամանակ գմբեթավոր): Պալատի երկրորդ հարկ հասնելու համար անշուշտ պիտի նախատեսված լինեին աստիճաններ (ընդ որում թագավորի և նրա մերձավորների համար առանձին), գաղտնուղիներ, իսկ համակառույցում դերասան-կատարողների, երաժիշտների, ներկայացման մասնակից կենդանիների և թռչունների, սպասավորիների, պահակախմբերի համար նախատեսված տարաբնույթ տարածքներ և այլն: Ըստ վերակառուցման նախագծի պալատի երկրորդ հարկում պիտի լինեին նաև հանգստի սենյակներ, օթյակներ (վերևից հանդիսությունները դիտելու հնարավորությամբ), աղոթատեղ-մատուռներ, բաց շվաքներ, պալատական նշանակության այլ տարածքներ:Picture5 Եթե ընդունելի է այն տեսակետը, որ պալատի ճարտարապետը պիտի լիներ Մանուելը, ապա դատելով սբ.Խաչ եկեղեցու ներքին և արտաքին հորինվածքային առանձնահատկություններից, կարելի է ենթադրել, թե ինչ գեղագիտական և գեղարվեստական հորինվածք պիտի ունենար պալատի հորինվածքը թե իր ներքին տարածքներում և թե արտաքին հարդարանքում, (Հեաքրքրական է այն հանգամանքը, որ Մանուելի նախագծած սբ.Խաչ եկեղեցին նույնպես առանց սյուների է, և որ միակն է հայ ճարատարապետության մեջ, որն ունի թագավորի համար նախատեսված օթյակ: Իսկ եկեղեցու հատակագիծը մոտ է քառակուսի նկարվածքին): Այն, որ պատմական կառույցների հատակագծային լուծումներում ընդունված է եղել հիմնականում կառուցել քառանկյան սենյակներ հայտնի է Դվինի, Արուճի, Զվարթնոցի, Անիի պալատական, իշխանական ապարանքների ճարտարապետությունից:Picture6 Ահա թե ինչու Գագիկ թագավորի պալատի վերակառուցման առաջարկում հիմնականում օգտագործված են նմանատիպ լուծումներ: Ինչ վերաբերվում է տանիքի հորինվածքին, ապա այստեղ հավանաբար օգտագործվել է հազարաշեն ծածակի և գմբեթի համատեղ կիրառման տարբերակը: Ամեն դեպքում, պալատի տեղի և կերպարի հարցերը առայժմ կարոտ են պարզաբանման և հիմնարար հետազոտության: Մի բան փաստ է, որ նման մանրամասն և գեղեցիկ նկարագրություն կարող էր արվել, իսկապես, ականատեսի կողմից և միայն այն պարագայում, երբ նկարագրության հիմքում լիներ իրական կառույցը:

Աշոտ Հայկազուն Գրիգորյան, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր

Վերջին երկուսը ըստ Ա.Հ.Գրիգորյանի, Գագիկ թագավորի պալատի վերակազմության նախագիծ, հատակագիծ և կտրվածք

Հոդվածը տպագրված է <<Հայագիտությունը և արդի ժամանակի մարտահրավերները>> հայագիտական միջազգային 2-րդ համաժողովի հոդվածաշրում, Երևան, 2013

Իլյուստրատիվ նյութը՝ ՃԱԹԻ-ի պահոցից


[1] ՀՍՀ, հատոր 9, Երևան 1983թ., էջ 79

[2] Նույն տեղում:

[3] С.Х.Мнацаканян, К.Л.Оганесян, А.А. Саинян <Очерки по истории архитектуры древней и средневековой Армении>, Ереван, 1978г., стр. 14-32

[4] Նույն տեղում, էջ 33-51

[5] Նույն տեղում, էջ 52-85

[6] ՀՍՀ, հատոր 9, Երևան 1983, էջ 81

[7] И.А. Орбели, Памяатники армянского зодчества на острове Ахтамар. <<Избранные труды>>, М, 1968, стр. 31

[8] <<Սեբէոսի եպիսկոպոսի Պատմութիւն>>, Երևան, 1939թ., էջ 104

[9] Թովմա Արծրունի և Անանուն <<Պատմություն Արծրունյաց տան>>, Երևան, 1978թ., էջ 293-294

[10] Կանգուն- երկարության միավոր, չափի ձող: Տարբեր ժամանակներում մի շարք ժողովուրդների մոտ համապատասխանել է արմունկից մինչև բացված ձեռքի միջամատի ծայրը, անրակից մինչև արմունկը, անրակից մինչև միջնամատի ծայրը եղած երկարությանը: ՀՀՀ, հատոր 2, Երևան, 1995թ., էջ 594

[11] Թովմա Արծրունի և Անանուն <<Պատմություն Արծրունյաց տան>>, Երևան, 1978թ., էջ 296

[12] Նույն տեղում էջ 297

[13] Թովմա Արծրունի և Անանուն <<Պատմություն Արծրունյաց տան>>, Երևան, 1978թ., էջ 297-298

[14] Ստեփան Մնացականյան <<Աղթամար>>, Երևան ,1983թ., էջ 23-24

[15] Թելման Գևորգյան <<Համամասնությունները հայ ճարտարապետության մեջ>>, Երևան 2011թ.