Ճարտարապետ Արմեն Զարյան
ԱՐՄԵՆ ԶԱՐՅԱՆ – ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր, (Կոստանդնուպոլիս, 13.09.1914 – Երեւան, 30.05.1994), (Նշանավոր գրող Կոստան Զարյանի որդին): 1932թ. ավարտել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանը եւ 1934-ին ընդունվել է նույն քաղաքի ճարտարապետական համալսարանը, այնուհետեւ տեղափոխվել է Փարիզի E’cole des Beaux-Arts եւ ավարտել ուսումը Հռոմի ճարտարապետական համալսարանում: Ուսումը շարունակելու նպատակով մեկնում է Վիեննա, որտեղ հաճախում է Kunst Geverbeshuller կենտրոնը, ապա վերադառնալով Իտալիա` սկսում է նախագծող ճարտարապետի գործունեությունը: Մասնագիտական փորձառությունը ստանում է Վիեննայում, որտեղ նախագծում եւ իրականացնում է մի շարք վաճառատների, մասնավոր բնակարանների ներքին հարդարման, կահույքավորման նախագծեր: 1963թ.՝ ընտանյոք հանդերձ Խորհրդային Հայաստան տեղափոխվելուց առաջ, իտալացի ճարտարապետ` Տոմմազո Բրեչչիա Ֆրատադոկկիի հետ միասին ծրագրում եւ այնուհետեւ իրականացնում է հայ ճարտարապետության պարբերական ուսումնասիրության գործը՝ Հռոմի ճարտարապետական համալսարանի եւ Հայաստանի ԳԱ արվեստի ինստիտուտի համագործակցությամբ: Այս համագործակցության շնորհիվ, հնարավոր դարձավ 1966թ. իրականացնել առաջին գիտարշավը դեպի Հայաստան՝ դոկտոր ճարտարապետ Պաոլո Կունեոյի ղեկավարությամբ, որն հետագայում հիմնեց Հռոմի Հայ Ճարտարապետության ուսումնասիրության կենտրոնը: 1963-1989թթ. աշխատում է <<Երեւաննախագիծ>> ինստիտուտում, որպես ճարտարապետ եւ իրականացնում բազմաթիվ հասարակական, բնակելի շենքերի, ինչպես նաեւ քաղաքաշինական նախագծեր: 1967թ. Արմեն եւ Հակոբ Մանուկյան եղբայրների ու ճարտարապետ Ադրիանո Ալպագո Նովելլոյի հետ Արմեն Զարյանը մասնակցում է Միլանի հայ մշակույթի ուսումնասիրման ու վավերագրման կենտրոնի հիմնադրմանը, որը հետագայում Միլանի պոլիտեխնիկ ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետի հետ համատեղ ծավալեց հայկական ճարտարապետությանը նվիրված գիտական եւ հրատարկչական լայն գործունեություն: 1964-1969թթ. Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետում դասավանդել է եվրոպական ճարտարապետության պատմություն: 1965-1970թթ. ԳԱ արվեստի ինստիտուտում աշխատել է՝ որպես ավագ գիտաշխատող: Համագործակցելով ՕԷՄՄԵ հրատարակչական հետ: 1968թ. սկսած հանձն է առնում հայ-իտալական մշակութային կապերը համակարգող ղեկավարի գործը: Ճարտարապետ Արմեն Զարյանը հեղինակ է մի շարք գիտական հոդվածների, որոնք տպագրվել են ինչպես Հայաստանի, այնպես էլ մի շարք հեղինակավոր ամսագրերում և թերթերում: Հեղինակ էլ մի շարք մասնագիտական գրքեր՝ <<Իտալական արդի ճարտարապետությունը (1927-1960թթ.) >>, Երեւան, 1972թ. (հայերեն), <<Արեւմտյան Եվրոպայի արդի ճարտարապետությունը>>, 208 էջ, Երեւան, 1979թ. (հայերեն), <<Ակնարկ հին եւ միջնադարյան Հայաստանի քաղաքաշինության պատմության>>, Երեւան, 1986թ. (հայերեն), <<Հայկական ճարտարապետությունը եւ Լեոնարդո դա Վինչիի վարկածը>>, Երեւան, 1994թ. (հայերեն), <<Հայկական ճարտարապետություն. Քննական եւ տեսական հարցեր>>, Երեւան« 1996թ. (հայերեն), <<Արվեստի բառարան>>, Նյու Յորք 1996թ. (անգլերեն) և այլ հրատարակություններ: Մասնակցել է բազմաթիվ գիտաժողովների և գիտահավաքների: Ժամանակին աշխատել և համագործակցել է այնպիսի ճանաչված ճարտարապետների հետ, ինչպիսիք են՝ Մ.Մեսսինան, Լ.Մայնարդինան, Ջ.Ստերբինիան, Լ.Պասսարելլինան և այլոք: Ճարտարապետ Արմեն Զարյանը հեղինակել է բազմաթիվ հասարակական, բնակելի շենքերի, ինչպես նաեւ քաղաքաշինական նախագծեր, ինչպես օրինակ՝ Հռոմի <<Ավտոմոբիլ Կլաբ>> շենքը, <<Սերաֆիկում>> Կաթոլիկ համալսարանի համալիրը Հռոմի ԷՈՒՌ թաղամասում, <<Վիլլա Դ.Կաստելլո>> մենատունը ԷՈՒՌ-ում, Մ.Մաշտոցի պողոտայի վրա բնակելի շենք, Թամանյանի փողոցին կից Գրողների միության բնակելի շենքի նախագիծը, Գլխավոր պողոտան, Ալավերդյան փողոցի բարեկարգման նախագիծը, Աբովյան փողոցի բարեկարգման նախագիծը, Հանրապետական մարզադաշտին կից բնակելի թաղամասի նախագիծը և այլ աշխատանքներ:
Լուսանկարները՝ ՃԱԹԻ-ի պահոցից են
Գլխավոր պողոտայի համայնապատկերը, 2008թ. |
Գլխավոր պողոտայի համայնապատկերը, 1980թ. |
Ավանի խճուղուն հարակից Կոոպերատիվ տեխնիկումի համալիր, Երևան |
Մ. Մաշտոց պողոտայի վրա բնակելի շենք, Երեւան |
Խանութի ներքին հարդարման էսքիզ, Վիեննա |
Մենատան նախագիծ |
<<Ավտոմոբիլ կլաբ>> ընկերության շենքը, Հռոմ |
Մենատան նախագիծ |