← Դիտել բոլոր միջոցառումները
Գրքի շնորհանդես
24 հունիսի, 2026 թ.
Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Տրդատ» ցուցասրահում կայացավ «Ճարտարապետի ներկապնակը» գրքի շնորհանդեսը։
Ողջույնի խոսքով հանդես եկավ թանգարան-ինստիտուտի տնօրեն Զարուհի Հայրապետյանը՝ կարևորեց գրքի հրատարակությունը որպես բացառիկ և արժեքավոր աշխատություն, որը նոր լույս է սփռում հայ ճարտարապետության կարկառուն ներկակացուցիչներից մեկի` Միքայել Մազմանյանի կյանքի, գործունեության, հատկապես մտավոր գրավոր ժառանգության վրա։ Տիկին Հայրապետյանը նշեց նաև, «Ճարտարապետի ներկապնակը» գիրքը նոր երանգներ կհաղորդի ապագայում թանգարան-ինստիտուտում կազմակերպվող ցուցահանդեսներին նվիրված Միքայել Մազմանյանին։
Այնուհետև ելույթ ունեցավ ճարտարապետ Միքայել Մազմանյանի թոռնուհին, գրքի կազմող Լիլիթ Տեր-Մինասյանը։ Նա ներկայացրեց գրքի ստեղծման ընթացքը, շնորհակալություն հայտնեց Գյուլբենկյան հիմնադրամին՝ գրքի հրատարակությունն աջակցելու և հովանավորելու համար։ Նա նաև ընդգծեց, որ գրքի շապիկին զետեղված է Միքայել Մազմանյանի դիմանկարը, որի հեղինակը մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանն է։
Գրքի առաջաբանի հեղինակ Կարեն Բալյանն իր խոսքում անդրադարձավ ստալինյան բռնաճնշումների ենթարկված ճարտարապետների բարդ ճակատագրերին։ Նա նաև ներկայացրեց Միքայել Մազմանյանի ստեղծագործական ուղին և աշխատելաոճի առանձնահատկությունները։
Շնորհանդեսի մասնակիցները արտահայտեցին իրենց հիացմունքն ու շնորհակալությունը կատարված աշխատանքի համար, կիսվեցին հիշողություններով և ընթերցեցին գրքից դրվագներ։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր ներկաներին՝ միջոցառմանը մասնակցելու համար։











