Ջիմ Թորոսյան. Գեղեցկության վարպետը
Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Թամանյան» ցուցասրահում բացվեց «Ջիմ Թորոսյան. Գեղեցկության վարպետը» ցուցահանդեսը՝ նվիրված անվանի ճարտարապետի ծննդյան 100-ամյակին։ Բացման խոսքով հանդես եկավ թանգարան-ինստիտուտի տնօրեն Զարուհի Հայրապետյանը՝ կարևորելով Ջիմ Թորոսյանի նշանակալի դերը 20-րդ դարի հայկական ճարտարապետության պատմության մեջ, նրա բացառիկ տաղանդը, ստեղծագործական լայն մտահորիզոնն ու ճարտարապետական հարուստ ժառանգությունը։ Այնուհետև ելույթ ունեցավ ցուցահանդեսի համադրող Կարեն Բալյանը՝ ներկայացնելով ցուցադրության գաղափարն ու բովանդակությունը, որից հետո համադրողական շրջայց անցկացրեց պատվավոր հյուրերի համար։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր և ճարտարապետության ոլորտի ներկայացուցիչներ։ Ցուցահանդեսում ներկայացված են Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի հավաքածուից մինչ այժմ չցուցադրված բնօրինակ նախագծերից մի քանիսը, ընտանեկան արխիվից՝ ճարտարապետական կոթողների և քաղաքների համայնապատկերների գծանկարներ, ինչպես նաև անհատների անձնական արխիվներից հավաքագրված բացառիկ նյութեր։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև օգոստոսի 23-ը։ Սիրով հրավիրում ենք բացահայտելու Ջիմ Թորոսյանի ստեղծագործական հարուստ աշխարհը։
